Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Փաստաբանների պալատը մտահոգություններ ունի սուտ մատնության համար պատասխանատվություն սահմանող հոդվածի վերաբերյալ (տեսանյութ)

Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ քրեական օրենսգրքի նախագիծ, որի վերաբերյալ Փաստաբանների պալատում աշխատանքային խումբ է ձևավորվել։ Այն մեկ ամսից ավելի ուսումնասիրել է նախագիծը և դրա շուրջ դիտողություններն ու առաջարկությունները ներկայացրել նախարարությանը։

Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Հարութ Ակլունցը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ առաջարկությունները 18 կետից են բաղկացած։ Նա ներկայացրեց, որոշ խնդրահարույց կետեր, որոնցից մեկն, օրինակ՝ պատիժ նշանակելու հետ կապված խնդիրն է։

«Մենք ունենք կարգավորում, երբ կրկնահանցագործ անձի իրավիճակը և պատիժ նշանակելու կանոնները հավասարեցվել են այն անձին, որն առաջին անգամ է կատարել, պարզապես երկու և ավելի մեղմացնող հանգամանք չկա պատիժ նշանակելու համար։ Սա մենք խնդրահարույց ենք համարում»,- ասաց պարոն Ակլունցը՝ հավելելով, որ դատարանի պատիժ նշանակելու հետ կապված հայեցողությունը վերացվել է մի շարք դեպքերում։

Խնդրահարույց է նաև վաղեմության ժամկետներ հաշվարկը։

«Մեզ համար անհասկանալի պատճառաբանությամբ վաղեմության ժամկետները բարձրացվել են, բացի այդ մենք խնդիր ունենք նաև վաղեմության ժամկետի ընդահտման հետ կապված։ Ըստ էության, այդ պահը կապվել է քրեական հետապնդում հարուցելու պահի հետ։ Այսինքն՝ վաղեմության ժամկետները, անկախ նրանից, թե ինչքան կտևի դատավարությունը և ընդհանուր քննությունը, այն պահից երբ անձին մեղադրանք կառաջադրվի վաղեմության ժամկետները կընդհատվեն։ Մեզ համար սա կարևոր նշանակություն ունի և նման մոտեցումը անթույլատրելի է»,- նշեց Հարութ Ակլունցը։

Նկատենք, որ նախագծով առաջարկվում է վաղեմության ժամկետը հաշվարկել հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից մինչև մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը։

Փաստաբանների պալատն առաջարկում է, որ առանձին դեպքերում դատարանին լիազորություն վերապահվի ցանկացած գործով դադարեցնել անձի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը ՝դրա նպատակահարմարության բացակայության հիմնավորմամբ։

Դատարանն այս կերպ հաշվի առնելով դեպքի հանգամանքները, հանցագործության հետևանքները, և այն կատարելուց հետո անցած ժամանակահատվածը կարողանա համակարգային գնահատել անձին քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակահարմարությունը։ Եթե հանգի այն եզրակացությանը, որ «արդարադատությունը» այնքան է ուշացել, որ կորցրել է իր նպատակը, կարողանա նշված հիմնավորմամբ անձին ազատել քրեական պատասխանատվությունից և պատժից։

Փաստաբանների պալատը դիտողություններ ունի նաև սուտ մատնության հոդվածի վերաբերյալ։ Նախագծով առաջարկվում է, սուտ մատնություն համարել ոչ միայն իրավասու մարմիններին հանցագործության դեպքի կամ այլ անձի կողմից հանցանք կատարելու մասին սուտ տեղեկություն տալը, այլև ԶԼՄ-ներով նույնաբովանդակն տեղեկություն հրապարակելը։

Փաստաբանների պալատում կարծում են, որ սա կարող է խոչընդոտներ ստեղծել խոսքի ազատության ու մամուլի ազատությանը։