Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Պետրոս Ղազարյանի հարցազրույցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալվել է Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման տաղավարում:

Առաջին հարցը բնականաբար առաջիկա հանրաքվեին էր վերաբերում․ արդյո՞ք ընտրված ճանապարհը  իրավական է:

«Պետք է արձանագրենք, որ շատ երկար տարիներ մեր քաղաքական թիմը և անձամբ ես դեռ ընդդիմադիր ժամանակներից խոսել ենք սահմանադրական իրականության մասին: Ասել եմ՝ ՀՀ-ում սահմանադրական իրականության հաստատումը սկզբունքային նշանակություն ունի»,- հայտարարեց  Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Սահմանադրության մեջ գրված է եղել մի բան, իսկ իրականությունը եղել է այլ:

«Մեր կառավարության գործունեությունն առաջին օրից միտված է Հայաստանում սահմանադրական իրականությունն հաստատելուն, մենք ստեղծել ենք սահմանադրական իրականությունը»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝  2015թ. ընդունված և 2018թ. ապրիլի 9-ին ամբողջությամբ ուժի մեջ մտած Սահմանադրության մեջ նկարագրված է ՍԴ-ի մոդել, որն արժանացել է բոլոր միջազգային կառույցների քաջալերանքին:

«Հաշվի առնելով անվստահությունը ՍԴ նկատմամբ՝ կարելի է այս Սահմանադրության գործող մոդելով վերականգնել այդ վստահությունը: Եթե նախկինում ՍԴ անդամը ընտրվում էր մինչև 70 կամ մինչև 65 տարեկան, հիմա սահմանված է, որ ՍԴ դատավորի գործունեության ժամկետը 12 տարի է և նույն անձը կարող է ՍԴ դատավոր լինել միայն մեկ անգամ: ՍԴ նախագահին ընտրում է ոչ թե ԱԺ-ն, ի տարբերություն նախկինի, այլ ՍԴ-ն՝ 6 տարի ժամկետով: Այսինքն՝ յուրաքանչյուր 6 տարին մեկ, Սահմանադրական դատարանում պետք է տեղի ունենան ՍԴ նախագահի ընտրություններ, նույն անձը 6 տարուց ավելի չի կարող լինել ՍԴ նախագահ»,- պարզաբանեց նա:

Այս պնդումը սահմանադրական իրականության հետ՝ ըստ վարչապետի, կապ ունի այնքանով, որ եթե փոփոխությունը չլինի, մենք մինչև 2035թ. գործող ՍԴ չենք ունենա:

«Մենք բոլորովին նոր կառավարման համակարգ ենք ներդրել ապրիլի 9-ից, որը մեխանիզմ է, մեկ ամբողջություն այդ մեխանիզմի բոլոր դետալները պետք է համապատասխանեն այն պարամետրերին, որը նկարագրված է Սահմանադրության մեջ: Դա նույնն է, երբ մեքենան կապիտալ վերանորոգես և նրա անիվներից 3-ը լինեն մի տրամաչափի, իսկ չորրորդը լինի այլ տրամաչափի»,- ասաց նա:

Հարցին՝ եթե դուք վստահ եք Ձեր թեզի իրավացիության մեջ, ինչո՞ւ փաստաթուղթը չեք ուղարկում Վենետիկի հանձնաժողով, եվրոպացիները էլ չգիտեն ոնց ակնարկեն, որ բերեք մի հատ կարդանք՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.

«Ես Գերմանիա կատարած վերջին այցի ընթացքում այս իրավիճակի վերաբերյալ քննարկումներ եմ ունեցել եվրոպացի բազմաթիվ գործընկերների հետ եւ կարող եմ ասել, նրանք զարմացած են, որ ՀՀ-ում այս տրանսֆորմացիայի շրջանում այսպիսի պրոցեսներ են տեղի ունեցել: Ես չեմ ուզում թաքցնել, նաեւ եվրոպացի մեր գործընկերների ուշադրությունն եմ հրավիրել, որ իրավունքի չարաշահման հստակ դեպքի հետ մենք գործ ունենք՝ կապված տրանսֆորմացիոն երեւույթի հետ, տեղի է ունեցել Վենետիկի հանձնաժողովի հայացքի ներքո ու մինչեւ այդ հարցին մենք անդրադառնանք, Վենետիկի հանձնաժողովը պետք է պատասխանի որոշ հարցերի, այդ թվում՝ եվրոպացի մեր գործընկերների: Իսկ այդ հարցը մենք կդիտարկենք, եվրոպական ինստիտուտների հետ քննարկումների մեջ ենք՝ հասկանալու համար, թե ինչպես ենք մոտենալու այդ խնդրին»:

Խոսելով սուպերվաչապետական համակարգի մասին վարչապետը նշեց, որ բացառում է սուպերվարչապետական համակարգի հնարավորությունը: 

«Ժողովրդավարության, լեգիտիմ իշխանության, կոռուպցիայի դեմ պայքարի պայմաններում սուպերվարչապետական համակարգ չի կարող լինել, որովհետև զուտ օրինական լիազորություններով հնարավոր չէ այդպիսի համակարգ ունենալ»,- ասաց Փաշինյանը:
 
Վարչապետը կարևոր համարեց արձանագրել, որ ժողովրդավարությունը Հայաստանում կասկածի տակ լինել չի կարող: 
 
«Սկզբունքորեն մենք միշտ ասել ենք, որ հակակշիռների ու փոխզսպումների իրական համակարգ ունենալը մեզ համար անխուսափելի օրակարգ է, որովհետև ես ուզում եմ մենք արձանագրենք, որ ժողովրդավարությունը մեզ համար կասկածի տակ լինել չի կարող: Շատ կարևոր է արձանագրել, որ մենք հիմա հստակ ասում ենք, որ ժողովրդավարությունը մեր երկրի համար որևէ արտերկրից ներմուծված երևույթ չէ: Դա մեր ժողովրդի արժեհամակարգի մասն է, և դրա համար մենք ունենք ապացույց: Մի ապացույցը 1988թ. ժողովրդավարական շարժումն է, որն առաջիններից էր ողջ սոցիալիստական ճամբարի հատվածում, երկրորդը 2018թ. հեղափոխությունն է, որն էլի աննախադեպ էր»,- նշեց վարչապետը: