Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Այս երեխաների արյունը գործը կոծկողների խղճին է․ Նինա Կարապետյանց

Կառավարության դիմաց այսօր ակցիա էին անում իրավապաշտպանները՝ իրենց բողոքը հայտնելով վերջին վերջանում բանակում խաղաղ պայմաններում տեղի ունեցող մահվան դեպքերի առնչությամբ։

Հիշեցնենք, որ իրավապաշտպաններն օրեր առաջ այս կապակցությամբ նամակ էին ներկայացրել Կառավարությանը։

Իրավապաշտպանները մուտք գործեցին Կառավարություն, սակայն նամակների բաժնից նրանց տեղեկացրեցին, որ խնդրի վերաբերյալ քայլեր են ձեռնարկվում, և իրենց այս պահին չեն կարող հանդիպել։

« Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցը  նշեց, որ զինվորների կյանքի ու մահվան հարցով թեկուզ 15-20 րոպեով կարող էին իրենց հանդիպել։

Նա նշեց, որ իրենց պահանջն է հանդիպել վարչապետի հետ, քանի որ շատ հարցեր լուծվում են միայն վարչապետի անմիջական մասնակցությամբ։

«Այս երկրում ոչ մեկ չի կարողանում հարցեր լուծել, բացի վարչապետի ուղիղ մասնակցության տարբերակից։ Վերջին շրջանում տեղի ունեցան պաշտոնանկություններ, քննարկումներ և նախատեսվում է, որ որոշակի գործողություններ էլ կատարվելու են, բայց միայն պաշտոնանկություններով հնարավոր չէ լուծել, քանի դեռ չկան քրեական պատասխանատվության ենթարկված անձինք։ Պատասխանատվության պետք է ենթարկել այն մարմիններին, ովքեր այդ գործերը կոծկել են, օրինակ՝ քննչական մարմինները, դատախազությունը, դատավորները, որոնք, գործերը կոծկելով, շարունակել են ստեղծել այս վիճակը։ Այս երեխաների արյունը և մահը իրենց խղճին է։ Միայն սպաների վրա չի, նաև այն քննիչների, դատախազների և դատավորների  վրա է, որ կոծկել են, որ նման գործերը չբացահայտվեն։ Մի քանի հեռացումով հարցը լուծված չի կարող համարվել»,- ասաց նա։