Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capture
A A
Քաղաքականություն

Հանրաքվեին մասնակցելը նշանակում է նպաստել սահմանադրական կարգի տապալմանը․ Խոսրով Հարությունյան (տեսանյութ)

Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը կարծում է, որ Մյունխենում Փաշինյան-Ալիև քննարկումը առաջին բաց դեբատն էր, և մասնակիցները իրենց առջև կոնկրետ նպատակներ պետք է դնեին։

«Հարթակը գլոբալ անվտանգությանն էր վերաբերում, որտեղ պետք է վեր հանվեին անվտանգային բնույթի խնդիրները, որոնք կարող էին խաթարել ոչ միայն Արցախի և Ադրբեջանի, այլ նաև ամբողջ տարածաշրջանի անվտանգային համակարգը»,-  ասաց նա՝ նշելով, որ նոր իշխանությունները հնարավորություն ունեին ներկայացնել Արցախյան հակամարտության կարգավորման սեփական տեսլականը։

«Մեծ վերապահումներով կարող եմ պնդել, որ դա հաջողվեց»,- նշում է Հարությունյանը և հավելում, որ Արցախյան հակամարտությունն ամբողջական չներկայացվեց։

Հարությունյանն ասում է՝ կոնֆլիկտը Հայաստանի ու Ադրբեջանի միջև չէ, այլ Ադրբեջանի ու Արցախի, և սա բացարձակապես չի կարող դիտարկվել որպես տարածքային ամբողջականության խնդիր։

«Մյունխենյան բաց քննարկման ընթացքում այս մասին չասվեց, մինչդեռ Արցախը այսօր միանգամայն պետական ինքնուրույն կազմավորում է , թեկուզև չճանաչված։

Մենք պետք է իմանայինք, որ լսարանը, որը նստած է այնտեղ, չէր տիրապետում առարկային, և նրանց վերաբերմունքը Արցախյան կոնֆլիկտի նկատմամբ պայմանավորված պետք է լիներ կողմերի ներկայացմամբ։ Ալիևն օգտվեց առիթից, շարադրեց իր փուլային տարբերակը, վարչապետն այդ առիթը չօգտագործեց իր տեսլականը, հայկական պետությունների կոնֆլիկտի կարգավորման հստակ տեսլականը ներկայացնելու համար», ասաց նա՝ նշելով՝ տպավորված չէ նաև Ալիևով։

Հարությունյանն անդրադարձավ նաև Սահմանադության փոփոխությունների հանրաքվեին, նշեց, որ ՍԴ-ի շուրջ ճգնաժամ չկա, ուստի իրավական, քաղաքական լուծումների կարիք ևս չկա։

«Երբ ասում են՝ ՍԴ ճգնաժամ, նկատի ունեն այն լարված իրավիճակը, որը կա ՍԴ նախագահի և վարչապետի մի՞ջև, Եթե  դա է, ապա դա կարո՞ղ է համարվել ՍԴ ճգնաժամ․ ոչ։ Եթե որևէ մարմնի ես չեմ վստահում,  դա չի նշանակում, որ այդ մարմինը ճգնաժամի մեջ է»։

Ըստ Հարությունյանի՝ քաղաքական խնդիր առաջացավ փորձելու փոխել ՍԴ կազմը։

«Այն պահից, երբ  ՍԴ-ն  իր դիրքորոշումը հստակեցնելու նպատակով դիմեց Վենետիկի հանձնաժողովին եւ ՄԻԵԴ՝Ռոբերտ Քոչարյանի դատավարության գործով, սկսվեց անհամատեղելիությունը»։

Նրա խոսքով՝ հակադրության հիմքում քաղաքական մոտիվացիան է։

Ինչ վերաբերում է հանրաքվեին, Հարությունյանն ասում է՝ իր համար ակնհայտ է, որ այս ընթացակարգը իրականացվել է օրենքի և Սահմանադրության պահանջների խախտմամբ․

«Կան հիմնավոր կասկածներ, որ այս կերպ գործադիր իշխանությունը փորձում է դատական համակարգի վրա տարածել իր քաղաքական ազդեցությունը, որի ադյունքում մենք ունենք իշխանությունների տարանջատման սկզբունքի ոտնահարում»։

Հարությունյանի պնդմամբ՝ մասնակցել հանրաքվեին նշանակում է նպաստել սահմանադրական կարգի տապալմանը։