Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

ՄԵՆՔ ակտիվորեն մասնակցելու ենք «Այո»-ի քարոզարշավին. Արման Բաբաջանյան

Աժ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Սիրելի հայրենակից,

Այսօր մեկնարկել է 2020թ․ ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական փոփոխության հանրաքվեի քարոզարշավը՝ հիրավի անկյունաքարային նշանակության իրադարձություն մեր պետության ու հասարակության համար։ Հանրաքվեին դրված նպատակի իրագործումը շատ ավելին է, քան կարող է թվալ առաջին հայացքից։

Այդ կարևոր քվեարկությանը մասնակցելով ՄԵՆՔ ոչ միայն հանգուցալուծելու ենք սահմանադրական դատարանի շուրջ ամիսներ ձգվող ճգնաժամը, այլև ճանապարհ ենք հարթելու մեր պետության ապագայի, մեր պետականությունն ամրապնդող բարեփոխումների համար, և, որ ամենակարևորն է, այս հանրաքվեի արդյունքում ժողովրդին՝ մեզ ենք վերադարձնելու բռնազավթված սահմանադրությունը։

 

Իր նշանակությամբ և կարևորությամբ սահմանադրական հանրաքվեն ամենևին գործող իշխանության խնդիրը չէ, ինչպես փորձ են անում ներկայացնել որոշ ընդդիմախոսներ։ Դրան մասնակցելը լայն հասարակության և յուրաքանչյուր պատվախնդիր քաղաքացու պարտքն է։

ՄԵՆՔ ակտիվորեն մասնակցելու ենք ԱՅՈ-ի քարոզարշավին։ Ասելու ենք ԱՅՈ ապագային, ԱՅՈ ապագա ռազմավարություններին ու ծրագրերին, ասելու ենք ԱՅՈ նոր քաղաքական դաշտի և միջավայրի ձևավորմանն ու նոր քաղաքական համակարգի կայացմանը։

Ասելու ենք ԱՅՈ՝ հիմնավորապես և մեկընդմիշտ մերժելու և փակելու համար նախկին հակապետական վարչակարգի վերակենդանացման հնարավորությունն ու վերադարձի դռները։

ԱՅՈ-ն յուրաքանչյուր ՀՀ իրավատեր քաղաքացու ընտրությունն է, ուստի առաջարկում ենք բոլոր պատասխանատու քաղաքական և հասարակական միավորներին, ազդեցիկ անհատներին և մտավորականներին համախմբվել այս կարևոր նպատակի շուրջ, մեր բոլոր ուժերը համատեղել՝ հանուն ԱՅՈ-ի վեհ նպատակի։

ԱՅՈ՛ ապագային, ԱՅՈ՛ Հայաստանի իրավատեր քաղաքացուն, ԱՅՈ՛ նոր Հայաստանին,

Արման Բաբաջանյան – Ազգային ժողովի պատգամավոր
Ռուբեն Մեհրաբյան – Քաղաքական փորձագետ
Խաչիկ Գևորգյան – ԱՐՄԱԿԱԴ ընկերության նախագահ
Հայկ Այվազյան – Հանրային կառավարման մասնագետ
Արմեն Գրիգորյան – Քաղաքագետ
Ռոբերտ Ղևոնդյան – Քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու

——

Քարոզարշավի միասնական գործողությունների շուրջ քննարկումների համար անհրաժեշտ միջոցառումների մասին կարող եք դիմել Ռոբերտ Ղևոնդյանին՝ 094747710 հեռախոսահամարով։