Բացել լրահոսը Փակել լրահոսը
art-image-2623
A A
Պաշտոնական

Հայաստանում ամեն տարի 80-100 երեխաների և դեռահասների մոտ ախտորոշվում է քաղցկեղ

2002 թվականից ամբողջ աշխարհն ամեն տարի փետրվարի 15-ը նշում է որպես մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր։ Այս նախաձեռնության նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել երեխաների քաղցկեղով հիվանդացության խնդիրներին, բարձրացնել մանկական քաղցկեղի վերաբերյալ տեղեկացվածությունը և աջակցություն ցուցաբերել հիվանդ երեխաներին ու նրանց ընտանիքի անդամներին: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Ամեն տարի մեր երկրում 80-100 երեխաների և դեռահասների մոտ առաջին անգամ ախտորոշվում է քաղցկեղ: Վերջին տասնամյակներին մեր բժիշկների և բուժքույրերի կատարած անձնվեր աշխատանքի շնորհիվ` ներկայումս քաղցկեղով հիվանդ երեխաների 70-75%-ն առողջանում են:

Ախտորոշման և բուժման  ծանր ճանապարհն այս երեխաներն անցկացնում են Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդության կենտրոնում: Եվ այդ ճանապարհը նրանք անցնում են հերոսաբար:

2019 թվականին առողջապահության նախարարությունը ձեռք է բերել թվով 14 անվանում չգրանցված, սակայն կենսականորեն անհրաժեշտ հակաուռուցքային դեղեր՝ մանկական քիմիաթերապիայի համար: Այս տարի նախատեսվում է 25 անվանում ուռուցքաբանական դեղեր ձեռք բերել, որոնք անվճար կտրամադրվեն համապատասխան հիվանդներին:

Քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին աջակցում են նաև «Սիթի օֆ սմայլ» (City of Smile Charitable Foundation), «Օգնեմ», «Առողջության կամուրջ», «Մենք ենք», «ֆոնդ 100», «Խաղաղության քաղաք» բարեգործական հիմնադրամները, «Հայաստանի մանկական ասոցիացիա»,  «Կամրջակ», «Օգնենք հայ մանուկներին» հասարակական կազմակերպությունները: