Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 15-ը փետրվարի. 2001-ին արտակարգ իրավիճակ է. պատգամավորները դատարկում են գրպանները (տեսանյութ)

ԱԺՄ-ի 1998-ի փետրվարի 15-ի հանրահավաքը աչքալուսանքի հանրահավաք է՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռացավ: Մի քանի կուսակցություն է մասնակցում այս հանրահավաքին, նախագահի երկու թեկնածու: Վազգեն Մանուկյանն անընդունելի է համարում նախորդ իշխանությունների հանդեպ վրեժխնդրությունը: Հիմա մնում է հաղթել նախագահի արտահերթ ընտրությունները:

1998-ի այս օրերի հիմնական թեման վարչապետ Ռոբերտ Քոչարյանի Հայաստանի քաղաքացի լինելու հարցն է: Նա Սահմանադրության պահանջած 10 տարվա քաղաքացիություն չունի: Դաշնակցությունն արտահերթ ընտրություններում պաշտպանելու է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը: Այս մարդու քաղաքացիություն չունենալու սահմանադրական արգելքը շրջանցելը նա սրբապղծություն չի համարում, քանի որ այդ Սահմանադրությունն ընդունվել է կեղծիքներով:

Նախագահի արտահերթ ընտրություններում ՍԻՄ կուսակցությունը կառաջադրի իր նախագահ Հրանտ Խաչատրյանի թեկնածությունը: 1998-ի այս օրը ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանն ասում է, որ կարող էին պաշտպանել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը եւ հանդես գալ միասնական դաշինքով: Բայց նման բան չեն անի:

Ուղիղ 10 տարի առաջ այս օրը խորհրդային վերջին զինվորը դուրս եկավ Աֆղանստանի տարածքից: Աֆղանական պատերազմին մասնակցեց 4 հազար հայ զինվոր, որոնցից զոհվեց 85 հոգի: 1999-ի փետրվարի 15-ին Հանրապետության հրապարակում հավաքվել էին այդ պատերազմի վետերաններն ու հաշմանդամները: Երեկոյան պետությունից մոռացված այս մարդիկ հավաքվում են Օպերայի դահլիճում պետականորեն նշելու այս օրը: Այս օրը, համենայնդեպս, խոստումների եւ պարգեւների օր էր:

Նույն օրը Մոսկվայից Երեւան է ժամանում Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետը: Այցի ամենասկզբում վարչապետի ուղեկցությամբ նա ծամում է հայկական լավաշը, խմում է մեր Ջերմուկն ու գինին: Լուժկովի տրամադրությունը բարձր է, կարելի է Հայկական ռադիոյի անեկդոտներից պատմել:

2001-ի այս օրը սկսվում է հոկտեմբերի 27-ի դատաքննությունը : Անվտանգության միջոցառումներն աննախադեպ են: Նույնիսկ Ազգային Ժողովի պատգամավորներն ստիպված են դատարկել գրպանները եւ պայուսակները: Հերմինե Նաղդալյանին հրամաններ է տալիս փոխոստիկանապետ Վարյանը : Դատարանում գտնվողները մեղադրյալներին դիմավորում են զուսպ: Հնչում է միայն մի ռեպլիկ՝ ժողովրդի ձեռքը տվեք նրանց: Դատարանի մթնոլորտին չդիմանալով այն լքում է Կարեն Դեմիրճյանի այրին : Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասում է, որ դատը լուսաբանող լրագրողները չպետք է լուսաբանեն դատաքննական ցուցմունքները: Դատի առաջին օրը դրսում մարդկանց բազմություն է: Պաշտպանության նախկին նախարարն ընդունում է, որ ժամանակին իրենք որպես պաշտոնյա ինչ-որ կերպ կապ են ունեցել նախաքննական մարմնի հետ: Վազգեն Սարգսյանի մայրն արդեն գիտի, թե ինչ հարց լուծեց հոկտեմբերի 27-ը: Դատարանի մոտ է նաեւ Նաիրի եւ Կարեն Հունանյանների հայրը:

2008-ի փետրվարի 14-ին նախագահի ընտրություններին մնացել է 5 օր: Արարատում Սերժ Սարգսյանն ասում է, որ չի չարախոսի իրեն մրցակից նախագահի մյուս թեկնածուներին: 2012-ի փետրվարի 15-ին լրագրողները դեռ հանգիստ չեն տալիս Արթուր Բաղդասարյանին՝ փորձելով հասկանալ, թե ինչու՞ նա 2008-ին չմիացավ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ պատճառ դարձավ մարտի 1-ի: Նույն օրը պոռնոաստղ Չիչիոլինան մեծամասնական ընտրակարգը պահպանելու կառավարության գլխավոր փաստարկն է ընդդեմ ընտրություններից առաջ համամասնական ընտրակարգի անցնելու ընդդիմության պահանջին: Դավիթ Հարությունյանը հիշեցնում է, որ համամասնական ընտրակարգը Գերմանիայում իշխանության բերեց ֆաշիստներին՝ մոռացեք համամասնական ընտրակարգը: