«Նույն ձևով թույլ չեմ տալու, որ պետության հաշվին մարդիկ գերշահույթ ստանան»․ Դավիթ Սանասարյան
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները ժամանակավորապես դադարեցված պետ Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։
Նիստի ժամանակ Սանասարյանն անդրադառնալով դատախազ Գևորգ Սարգսյանի ներկայացրած մեղադրանքին՝ նշելով, որ ինչ նշված է մեղադրական եզրակացության մեջ, չի համապատասխանում իրականությանը:
«Ինձ մեղադրում են նրա համար, որ ես իմացել եմ, որ իմ աշխատակիցը կառավարում է կոնկրետ կազմակերպություն և իր գործին զուգահեռ իրականացրել է իր բիզնես շահերը: Բայց ես ասում եմ, որ նման բան չի եղել, իմ աշխատակցին ես հարցրել եմ, նա ինձ հավաստիացրել է, որ նման բան չկա: Դատախազը ներկայացնում է, որ դիալիզի գործով բժշկական կենտրոնին վնաս է տրվել: Ես չեմ փոշմանում, որ կոնկրետ ուսումնասիրություն արվել է Վանաձոր և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցներում: Եթե այսօր վերադառնամ, նույն ձևով թույլ չեմ տալու, որ պետության հաշվին մարդիկ գերշահույթ ստանան»,- ասաց նա:
Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 27-ին, ժամը 10:30-ին: Դատավորը տեղեկացրեց, որ հաջորդ նիստի ընթացքում կանցնեն ապացույցների հետազոտման փուլ՝ կհետազոտվեն փաստաթղթերը, հետո վկաների և ամբաստանյալների հարցաքննություն տեղի կունենա։