Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ադրբեջանի ԿԸՀ-ն զբաղված է մանդատներ հետ վերցնելով, իրենց ուզած պատկերը չէին ստացել․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)

Փետրվարի 9-ին Ադրբեջանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների գլխավոր նպատակն էր երիտասարդացնել խորհրդարանը, բայց 125 պատգամավորից 45-ն էին նոր պատգամավորներ, որոնցից 10-12-ն են երիտասարդ։  Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։ 

«Բավականին կեղծված ընտրություններ էին, ծեծ ու ջարդով՝ նախընտրական, ընտրական, թե հետընտրական շրջանում։ Ըստ էության, իշխող ընտանիքը չկարողացավ հասնել իր համար ցանկալի պատկերի ձևավորմանն Ադրբեջանի խորհրդարանում, և այժմ Ադրբեջանի ԿԸՀ-ն զբաղված է մանդատներ հետ վերցնելով այն պատգամավորներից, որոնք անցել են խորհրդարան։ Այսինքն՝  կեղծել էին, բայց իրենց ուզած պատկերը չէին ստացել։ Ըստ էության՝ ադրբեջանական ավտորիտարիզմը լուրջ ճաքեր է տալիս այս առումով, և ոչ թե ճաքեր է տալիս ընդդիմադիր գործիչների գործունեության արդյունքում, այլ հենց ներիշխանական, իրենց ներկլանային փոխդասավորումների արդյունքում»,- ասաց Տաթևիկ Հայրապետյանը։  

 Ըստ իշխող ուժի պատգամավորի՝ Ադրբեջանում տեղի ունեցած ընտրական պրոցեսները անմիջականորեն կապվում են Ղարաբաղի թե՛ բանակցային գործընթացի, թե՛ ընդհանուր զարգացումների հետ։ 

«Ներիշխանական պայքարի փուլերում, կարծում եմ,  որ Ադրբեջանը զերծ կմնա որևէ էսկալացիայից, ավելին՝ ինձ համար շատ հետաքրքրական էր, որ այս անգամ ղարաբաղյան հարցն, ըստ էության, վերջին շրջանում առաջին անգամ որպես այդպիսին դուրս մնաց նախընտրական քարոզարշավից, առանձնակի քննարկումների չարժանացավ։ Ընդհանուր առմամբ՝ ընտրությունների մասնակցությունը  և դրանից հետո անցկացվող հարցումները ցույց են տալիս, որ անտարբեր վիճակ էր»,- ասաց տիկին Հայրապետյանը։