Բացել լրահոսը Փակել լրահոսը
86386609_476473586382226_9123803794306498560_n
A A
Քաղաքականություն

Հանրաքվեին դեմ չենք, բայց դրան հասնելու համար իրավական ճանապարհ կար․ Մելքումյան

Այսօր ժամը 16։00-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդի նիստը, որում քննարկվելու է Սահմանադրությունում փոփոխություններ անելու հանրաքվեն և դրա քարոզարշավին մասնակցել կամ չմասնակցելու հարցը։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ  ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։ 

«Կլսվեն բոլոր կարծիքները, և մեր դիրքորոշումը հայտարարության միջոցով կտարածենք»,- ասաց պատգամավորը։ 

Խմբակցությունից Միքայել Մելքումյանն ասաց, թե օդից չեն որոշում կայացնելու,  հավատարիմ են մնալու իրենց քաղաքական սկզբունքներին և այն դիրքորոշումներին, որոնք մինչ այս արդեն հայտնել են։ 

«Մենք շեշտել ենք, որ հանրաքվեին դեմ չենք, բայց հանրաքվեին հասնելու համար իրավական ճանապարհ կար, որը մենք պետք  է անցնեինք գրագետ և անխոցելի։ Չենք կարող խուսափել Սահմանադրության համապատասխան հոդվածներից և ԱԺ-Կանոնակարգ օրենքի համապատասխան հոդվածից»,- ասաց պարոն Մելքումյանը՝ պարզաբանելով, որ Սահմանադրությունում փոփոխություններ անելու նախագիծը առաջին ընթերցմամբ պետք է ընդունվեր, այնուհետև  ուղարկվեր Սահմանադրական դատարան, հետ գար և նոր հետո քվեարկության դրվեր։ 

«Մենք էլ ենք գտնում, որ ՍԴ ուղարկել մի փաստաթուղթ, որն իր լուծարման մասին է, այստեղ խնդիր կա, դրա համար ասել էինք՝ մնալ դահլիճում, մտածենք ինչ ռեժիմով ենք Սահմանադրության  202-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերի հարցը լուծում»,- ասաց նա։ 

Բացի այդ, Միքայել Մելքումյանը նաև անհարժեշտ է համարում, որ նախագիծն ուղարկվեր Վենետիկի հանձնաժողով, կարծիք ստանային, իհարկե այն չլիներ պարտադրող, բայց գոնե հասկանալի կլիներ իրավական թնջուկի լուծումը։ 

Դիտարկմանը, թե խմբակցությունը ուշացնում է իր կարծիքը, և քննադատություններ են հնչում, որ ԲՀԿ-ն վճռական պահին  անհասկանալի դիրքորոշում է որդեգրել և հարցին, թե կաշկանդվածություն ունե՞ն այս թեմայի շուրջ՝ Միքայել Մելքումյանը պատաստանեց․

«Մենք որևէ բանով կաշկանդված չենք եղել, հեղափոխությունների ժամանակ ուժերը դուրս են մնում, նոր ուժեր են գալիս, ԲՀԿ-ն մնացել է, այդպես էլ լինելու է»։

Նա ապա կրկին հիշեցրեց, որ իշխանությանը առաջարկություն են արել՝ մնալ դահլիճում և հարցին լուծում տալ, սակայն արձագանք չի եղել։ 

Ճեպազրույցի վերջում ԲՀԿ-ական  պատգամավորները բոլորին շնորհավորեցին Սուրբ Վալենտինի առթիվ։ 

«Սա շատ գեղեցիկ տոն է, այնպես որ քաղաքական գործընթացները գործընթացներ, բայց կյանքը շարժվում է առաջ, բոլորս պետք է լցվենք սիրով և կյանքը այդ գեղեցկության մեջ վայելենք»,- ասաց պարոն Մելքումյանը։