«Արյունը միակ «պրոդուկտն» է, որն անփոխարինելի է» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊրոֆեսոր Ռ․Օ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բժիշկ Արթուր Դավիկյանն ասում է, որ արյան դոնորի կարիք հիվանդանոցը հաճախ է ունենում։ Դոնորներին կարելի է բաժանել երեք խմբի․ մի մասը գալի, գումարի դիմաց է արյուն հանձնում, մի մասը՝ կամավոր սկզբունքով, և լինում են դեպքեր, որ հիվանդի հարազատներն են դիմում։
«Կամավոր սկզբունքով շատ չեն դիմողները, և այդ պատճառով հաճախ ենք ակցիաներ կազմակերպում, որպեսզի հասարակությունը ավելի իրազեկված լինի։ Պետք է հասկանալ, որ արյունը միակ «պրոդուկտն» է, որը անփոխարինելի է, և մենք չենք կարող այն արհեստականորեն ստանալ։ Միշտ արյան կարիք կա և՛ արյունաբանական հիվանդների, և՛ ծննդաբերության ժամանակ, երբ խնդիրներ և արյունահոսություն է առաջանում, ինչպես նաև պատահարների ժամանակ հաճախ արյան դոնորի կարիք է առաջանում։ Այս առումով շատ կարևոր է, որ հասարակությունը թե՛ կամավոր, և թե՛ վարձահատույցի սկզբունքով պատրաստակամություն հայտնի արյուն հանձնելու»։
Արթուր Դավիկյանը նշում է, որ արյուն հանձնելու համար կարող են դիմել 18-ից մինչև 60 տարեկան անձինք։ Սակայն կան բազմաթիվ սահմանափակումներ՝ դիմողը չպետք է վերջին 6 ամսում վիրահատություններ տարած լինի կամ դիմած լինի ատամնաբույժի, դաջվածք արած լինի, քանի որ բժշկի պնդմամբ կան ինֆեկցիաներ, որոնք արտահայտվում են 6 ամիս հետո, և այդ պահին ստուգելով՝ հնարավոր չէ դրանք բացահայտել։