Հայաստանի հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանը հեռացվել է ղազախական ակումբից
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանը հեռացվել է ղազախական «Ժետիսուի» կազմից: Այդ մասին ինստագրամում հայտնել է sport.inform.kz կայքի գլխավոր խմբագիր Այդին Կոժախմետը: Պարզվում է, որ մեր ֆուտբոլիստը լուրջ տարաձայնություն է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Օգայի հետ, որն էլ դարձել է հեռացման պատճառ:
Ինչպես նշում է աղբյուրը, մարզումներից մեկի ժամանակ Հայկ Իշխանյանը թեթևակի ժպտացել կամ ծամածռել է դեմքը արևի շողերից պաշտպանվելիս: Դա անընդունելի պահվածք է կորեական արմատներ ունեցող մարզչի համար, որը պարապմունքի ժամանակ շատ խիստ է վերաբերվում իր սաներին: Արդյունքում, հայ ֆուտբոլիստն անմիջապես հեռացվել է պարապմունքից, իսկ ակումբը չեղարկել է հունվարի վերջին կնքած պայմանագիրը:
Ղազախական ակումբն առայժմ պաշտոնական հայտարարություն չի արել այդ կապակցությամբ, սակայն թիմի վերջին խմբակային լուսանկարում Հայկ Իշխանյանն արդեն բացակայում է: