Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հարցազրույց Քաղաքականություն

Ես պահանջատեր եմ, ինչո՞ւ չեք բացահայտում Մարտի 1-ը․ Սամվել Նիկոյան (տեսանյութ)

«Ինձ համար նորություն էր, որ փամփուշտներ են փոխվել և կրակվել, այդ պատճառով էլ ես դա ոչ կարող եմ քննադատել, մերժել, ոչ էլ անվերապահորեն դրան հավատալ, ես կսպասեմ դատարանի որոշմանը։ Դա այնպիսի կարևոր խնդիր է, որ պետք է դատարանը բոլոր փաստերի համադրմամբ եզրահանգում անի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի իրադարձություններին։

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այդ իրադարձությունների ժամանակ հայտնաբերված փամփուշտների պարկուճները։

«Եթե պարզվի, որ այդպես է եղել, շատ վատ բան կմտածեմ, կպարզվի, որ նաև հանձնաժողովին են խաբել։ Պետական մարմինը, հանձնաժողովը դիմել է ինչ-որ հարցերի պատասխանները լսելու համար, որ իր առաջ դրված հարցերը լուծի, ստացվում է, որ ոչ ճիշտ պատասխան ենք ստացել»,- ասում է նա։

Ս․Նիկոյանը նաև հավելեց, թե նախկին ընդդիմությունը, որն այսօր իշխանությանն է, հայտարարում էր, թե Մարտի 1-ը չի բացահայտվի, մինչև իշխանափոխություն չլինի։ «Ես էլ դրան հավատում էի։ Հիմա ես պահանջատեր եմ, երկու տարի է՝ իշխանությունը փոխվել է, ինչո՞ւ չեք բացահայտում։ Ես այդ ուղղությամբ քայլերը չեմ տեսնում։ Իմ մտահոգությունն այնն է, որ այդ ուղղությամբ քայլեր չեն կատարվում»,- ասում է ՀՀԿ-ական գործիչը։

Արդյոք Մարտի 1-ը չբացահայտելու պատճառո՞վ չէր նաև նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի առեղծվածային ինքնասպանությունը։ «Ես գիտեմ, որ նա ցավագին էր տանում։ Ես հանդիպել եմ նրա հետ, և այդ հզոր տղամարդու մոտ զգացի շատ նուրբ հոգի»,- պատասխանեց Ս․ Նիկոյանը։

Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին ու սահմանադրական հանրաքվեին՝ նա ասաց, որ այդ հարցում դեռ կուսակցական որոշում չկա, բայց իր կարծիքով չպետք է դրան մասնակցեն։

«Իմ կարծիքով՝ չպետք է ձևավորենք ՈՉ-ի շտաբ, պետք է բոյկոտենք։ Եթե որևէ կերպ մասնակցենք դրան, դա կնշանակի, որ մասնակից ենք դառնում Սահմանադրության տապալմանը»,- ասաց Ս․Նիկոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։