A
A
Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարին նշանակելու է վարչապետը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նշում է՝ նոր ստեղծվելիք մարմինն իր մեջ մեկտեղելու է և՛ նախաքննություն, և՛ հետաքննություն կազմակերպելու հնարավորությունը և օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացումը։
Այդ մասին նա նշեց «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծի հանրային քննարկման և Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրով 2019 թ. կատարած աշխատանքների հանրային մշտադիտարկման արդյունքների ամփոփման աշխատաժողովի ժամանակ՝ անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթներին։
Անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ ընտրության հարցին՝ Գալյանն ասաց, որ ընտրվել է մրցութային խորհրդի կողմից ընտրության մոդելը։ «Մրցույթային խորհուրդը կազմավորվելու է Ազգային ժողովի, Կառավարության, Մարդու իրավունքների պաշտպանի, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներից մեկական թեկնածուներից և նաև այդ խորհրդի կազմում կարող է ընդգրկվել միջազգային երեք փորձագետ»։
Նախագահի թեկնածուները, ըստ Գալյանի, պետք է բարեվարքության ստուգում անցնեն, որն իրականացնելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։
Ըստ փոխանախարարի՝ Հակակոռուպցիոն կոմիտեն լինելու է քաղաքականապես չեզոք, անկախ մարմին, ինչը սակայն չի բացառում Ազգային ժողովին հաշվետու լինելը։ Կոմիտեի ղեկավարին նշանակելու է վարչապետը՝ համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո։
Կոմիտեի մյուս ծառայողների մասով Գալյանն ասաց, որ 1/3-ը պետք է լինեն իրավաբանական բարձրագույն կրթություն ունեցող, քննչական ծառայության փորձ չունեցող, մրցույթը և բարեվարքության ստուգում անցած, հետո Արդարադատության ակադեմիայում փորձառություն ստացած անձինք, իսկ մնացածը՝ կախված պաշտոնից ունենան համապատասխան քննչական ծառայության փորձ։