Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կոռուպցիան պոզով-պոչով է լինո՞ւմ. Աննա Կոստանյանը՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի մասին (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը մամուլից տեղեկացել է, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնի հավակնորդ է Գեղամ Գևորգյանը, որը հիմա ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է, նաև «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ի խորհրդի նախագահի տեղակալն է։ Սա ըստ պատգամավորի՝ անձի շահերի, կամ հետաքրքրությունների բախման դասական օրինակ է։

«Հարգելի ընկերներ, կոռուպցիան պոզով-պոչով է լինո՞ւմ։ Այս ամենը քիչ չէ, նորից մամուլից տեղեկացա, որ ԵՊՀ-ի լրատվական վարչության ղեկավար Գևորգ Էմին-Տերյանը հարցաքննվել է ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի կողմից, ով բավական չէ, որ սպառնացել է կտրել փողից այն պատճառով, որ ԵՊՀ և հենց լրատվական վարչության ստորաբաժանման աշխատակիցը իքս օրաթերթում հոդված է տպագրել՝ իր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի մասնավորում աշխատելու վերաբերյալ, այլև պարզվում է, որ ԵՊՀ տարեկան բյուջեում հատուկ կետ կա, որ հեռակա ուսուցման վարձավճարներից վարչական ծախսերի համար նախատեսված գումարի բաշխում կա նախատեսված, որը 85 հոգու համար նախատեսում է մոտ 70 մլն դրամ։ Հիմա ժամանակավոր պաշտոնակատարը որոշել է վրեժ լուծել և կտրել է լրատվական վարչության ղեկավարի հատկացումը։ Սա էլ բավարար չէ, պարզվում է, որ ԵՊՀ լրատվական վարչության ղեկավարի դասավանդած դասընթացը՝ այն է «Վահան Տերյանը և հայ գրականությունը» հանվել է հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի ծրագրից»-ԱԺ ամբիոնից ներկայացրեց ընդդիմադիր խմբակցության պատգամավորը։

Դիմելով իշխանությանը, Աննա Կոստանյանը պահանջեց հստակեցնել, թե ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի՝ «Էվոկա» բանկի խորհրդի նախագահի տեղակալ լինելու հանգամանքը շահերի բախում չի առաջացնո՞ւմ և չի ստեղծո՞ւմ կոռուպցիոն ռիսկ։