Ալբերտ Ազարյանն 91 տարեկան է․ անակնկալ՝ նախարարից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայկական սպորտի կենդանի լեգենդ, հայտնի մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանն այսօր նշում է ծննդյան 91-րդ ամյակը։
Օղակների արքան, տարիներով եկած ավանդույթի համաձայն, ծննդյան օրվա սկիզբն անցկացրեց իր անունը կրող մարզադպրոցում։
«Աչքով չտանք, շատ լավ եմ զգում ինձ։ Այսօր պատվավոր հյուրեր ունեի, ինչի պատճառով չհասցրեցի առավոտյան մարմնամարզություն անել։ Բայց վաղը կշարունակեմ մարզումները», - «Ա1+»-ին ասաց օլիմպիական եռակի չեմպիոնը։
Ալբերտ Ազարյանի ծննդյան 91-ամյակի կապակցությամբ այսօր մարզադպրոց էր այցելել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ Ինչպես խոստովանեց անվանի մարզիկը, դա մեծ անակնկալ էր իր համար։
«Հեռախոսով շատ-շատ են շնորհավորել ինձ պաշտոնյաները, բայց սա առաջին դեպքն է, որ նախարարը անձամբ եկավ դպրոց և շնորհավորեց ինձ ծննդյան օրվա կապակցությամբ։ Ես մեծ բավականություն ստացա դրանից»,- նշեց Ալբերտ Ազարյանը։
Խոսելով հայկական մարմնամարզության խնդիրների մասին՝ լեգենդար մարզիկն ասաց, որ հարկավոր է վերանորոգել մարզադպրոցները, որպեսզի երեխաները մեծ հաճույքով այցելեն մարզումներին, իսկ գործող մարմնամարզիկները նորմալ պայմաններում պատրաստվեն մրցումներին։