Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը բացառում է, որ հանրաքվեին իշխանություններն իրենց լծակներն օգտագործեն (տեսանյութ)

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը աբսուրդ է համարում «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝  Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին չմասնակցելու որոշումը։

Ալեն Սիմոնյանը վստահ է, որ քարոզարշավին լինելու է թե՛ «այո»-ի, թե՛ «ոչ»-ի ճամբար։

«Իրենք պատասխանատվություն են կրում իրենց ընտրողների առջև, և պետք է այդ մարդկանց ուղղորդեն։ Եթե իրենք ասում են, որ հակասահմանադրական գործընթաց է, և դեմ են «այո»-ին։ Եթե դուք դրան դեմ եք, ուրեմն ոչ մի գործողություն չեք անում, ապա ստացվում է, որ դուք չեք կողմնորոշվել և չգիտեք, թե ինչով եք զբաղված»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։

Դիտարկմանը, թե 2015-ի Սահմանադրական փոփոխություններն էլ Նիկոլ Փաշինյանն էր որակել կեղծ օրակարգ, Ալեն Սիմոնյանն ասաց, թե իրենք հիմնավորում ունեին, իսկ «Լուսավոր Հայաստանը» բացատրություն չի տալիս։

«Ինքը հասկանում է, որ ՀՀ ժողովուրդն ամենայն հավանականությամբ գալու է հանրաքվեին և «այո» է ասելու ու դրանից խուսափում է։ Բայց միևնույն ժամանակ չի կարողանում թաքցնել և խուսափել այն անցյալից, նկատի ունեմ այն օրերը, երբ նա հայտարարում էր, որ հնարավոր է գլխավորի․․․ չի կարողանում դրանից փախչել և իրեն արդարացնում է։ Դա ընդամենը արդարացող և ցայտնոտի մեջ գտնվող քաղաքական ուժի ղեկավարի խոսք էր»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Ըստ ԱԺ փոխնախագահի՝ Էդմոն Մարուքյանը խոսում է ատելության մթնոլորտից, բայց ֆեյսբուքյան՝ «Էդմոն Մարուքյան ֆան» օգտատերը օրեր առաջ իրեն տհաճ բաներ է գրել։

«Ես դա ուղարկեցի իրենց, ասեցի՝ էս ի՞նչ է, Էդմոն ջան, մեր մասին ես խոսում։ Սպառնալիք չէր, վիրավորանք էր։ Ես ընդունում եմ, որ միանշանակ չի կարող այնպիսի բան լինել, որ պարոն Մարուքյանին կամ որևէ այլ մեկին սպառնան, դա անընդունելի և խիստ դատապարտելի է»,- նշեց Ալեն Սիմոնյանը՝ հավելեով, որ բացառված է, թե իրավապահները արձագանքած չլինեին պատգամավորի հայտարարությանը։

«Նույնիսկ եթե հասարակ քաղաքացին զանգահարում է իրավապահներին, այն ձայնագրվում է, և իրավապահները պարտավոր են արձագանքել։ Ես վստահ եմ, որ արձագանք լինելու է, առավել ևս, որ պատգամավորն է հայտարարություն արել»,- շեշտեց Ալեն Սիմոնյանը։

ԱԺ փոխնախագահը, շարունակելով խոսքը, ընդգծեց, որ հեղափոխության վերջին բաստիոնը մնացել է դատական համակարգը, որը հեռացվելու է։

«Այսօր ՀՀ ժողովուրդը կգնա ընտրատեղամաս, կծախսի ընդամենը 5 րոպե։ Ես ավելի քան վստահ եմ, որ գնալու է, վստահ եմ, որ լինելու են շատ բարձր տվյալներ, և վերջ է դրվելու այն ամենին, ինչը ցավոք դեռ չի ավարտվել»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանը բացառում է, որ հանրաքվեին իշխանություններն իրենց իշխանական լծակներն օգտագործեն։ «Այսօր ունենք իրավիճակ, երբ ՀՀ ժողովրդի ձեռքից փորձ է արվում խլել հեղափոխությունը։ Արվում է փորձ բերել այն մարդկանց, այն քաղաքական գործընթացների պրոսցեսները բերել, հասցնել ՍԴ, որոնք իրենց կողմից են նշանակվել, այն ՍԴ, որը նշանակվել է խախտումներով, ինչի մասին Էդմոն Մարուքյանը չի խոսում»,- ասաց Ալեն Սիմոնյանը։