Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Յուքոմ»-ի տնօրենը վստահ է՝ այս գործարքից շահելու են թե՛ պետությունը, թե՛ բաժանորդները (տեսանյութ)

Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովում քննարկվում է «Յուքոմ» հեռահաղորդակցական ընկերության կողմից «Վեոն Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության («ՎԵՈՆ» ընկերությունների խմբի հայկական մասը, որի ապրանքանիշը «Բիլայն») գնման հարցը։

«Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ միավորումն էլ ավելի մեծ հնարավորություն կտա բաժանորդներին որակյալ ծառայություն մատուցել։ 

«Կարելի է մեկ ցանցի միջոցով ողջ երկու ընկերության բազային ծառայություններ մատուցել, և այն գումարները, որ երկրից դուրս են գալիս սարքավորումներ բերելու համար, ներդնել նոր տեխնոլոգիաների մեջ և լինել ավելի գրավիչ»,- նշեց Եսայանը։ 

«Յուքոմ»-ի տնօրենը վստահ է, որ այս գործարքից շահելու են թե՛ պետությունը, թե՛ բաժանորդները։ Եսայանն ասաց, որ երբ 2015 թվականին «Յուքոմ»-ը գնեց «Օրանժ Արմենիա» ընկերությունը, այն ուներ 420 աշխատակից, «Յուքոմ»-ը՝ մոտ 800, իսկ արդեն հիմա արդեն 1600 աշխատակից ունի ընկերությունը։ 

«Ա1+»-ի հարցին, թե արդյո՞ք այս գործարքը կապ ունի «Յուքոմ»-ի բաժնետեր, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին առաջադրված մեղադրանքի և կալանավորման հետ, Հայկ Եսայանը պատասխանեց․ «Խնդրում եմ բաժնետերերին ընկերությունից առանձնացնել, որովհետև ընկերությունն առանձին սուբյեկտ է, որը գործում է կանոնադրությամբ։ Եվ բավական մեծ պարտավորություններ ունի ոչ թե բաժնետերերի նկատմամբ, այլ՝ բոնդերի թողարկման, բանկային սեկտորում, և ֆինանսական մեր հաշվետվությունները բոլորը տեսնում են»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։