Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Չի լինելու հարց, որը բաց մնա․ Գեղամ Գևորգյանը՝ «Յուքոմ»-ի և «Բիլայն»-ի հնարավոր միավորման մասին (տեսանյութ)

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստին քննարկվում էր ««Վենոն Արմենիա» և «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունների դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթում (համակենտրոնացման վերաբերյալ) փաստական հանգամանքների մասին» հարցը։

«Յուքոմ» հեռահաղորդակցական ընկերությունը պատրաստվում է գնել «Վեոն Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը («ՎԵՈՆ» ընկերությունների խմբի հայկական մասը), որի ապրանքանիշը «Բիլայն»-ն է։

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Յուքոմ»-ի և «Բիլայն»-ի միավորման մասին դեռևս կայացված որոշում չկա։ 

«Այս պահին հանձնաժողովը դեռևս վերլուծում է ստացված տեղեկատվությունը։ Մենք դիմել ենք 3 պետական մարմնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով և Պետեկամուտների կոմիտե, որպեսզի ամբողջ շուկայում հասկականանք դինամիկան»,- նշեց Գևորգյանը։

Ըստ ՏՄՊՊՀ նախագահի՝ ֆիքսված կապ բնագավառում այսօրվա դրությամբ «Յուքոմ»-ը և «Բիլայն»-ը գերիշխող դիրք ունեն և միավորման պարագայում նրանց գերիշխող դիրքի տոկոսայնությունն ավելանալու է

«Ենթակառուցվածքների հարցն էլ ենք նայելու, խանութների բաշխվածության կամ գրասենյակների հարցն էլ ենք նայելու։ Այսինքն՝ չի լինելու հարց, որը բաց մնա»։

Անդրադառնալով թույլ տալ-չտալուն՝ նա ասաց, որ եթե հանձնաժողովը մերժեց, միավորումը չի լինի։ Ինչ վերաբերում է, թե երբ որոշում կկայացվի, Գեղամ Գևորգյանը նշեց, որ դեկտեմբերի վերջին օրն է հայտը մուտք արվել, և կփորձեն ժամկետում հարցին պարզաբանում տալ։

«Մենք հնարավորություն ունենք նաև որոշումից հետո պարտադրել, որ որոշակի ծառայություններ վաճառվեն, ենթակառուցվածքներից հնարավորություն տրվի այլ օպերատորներին օգտագործել, այսինքն՝ բոլոր հնարավոր տարբերակները մենք դիտարկելու ենք»,- եզրափակեց հանձնաժողովի նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։