Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Քաղաքական պատվեր է իջեցված ճշտելու՝ Վանաձորի հիմնարկներում կա՞ն մեր կուսակցության աշխատողներ․ Մարուքյան (տեսանյութ)

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին ԱԺ որոշման նախագիծը ընդունելուց հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին և խմբակցության այլ անդամներին անձնական նամակներով սպառնալիքներ են ուղղել։ ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպանը Էդմոն Մարուքյանն ասաց, որ մինչև այսօր իրավապահ մարմիններից որևէ մեկը խմբակցության անդամների հետ չի կապվել։

«Այսինքն՝ քաղաքական գործիչը հայտարարում է, որ ինքը սպառնալիքներ է ստանում, բայց զրո արձագանք իրավապահների կողմից։ Այսինքն նորմալ է, որովհետև ատելության գեներացումը եղել է իշխանություններից, և հիմա իշխանությունը ինչո՞ւ պետք է արձագանքի իր գեներացրած ատելությանը»,- վրդովված ասաց պարոն Մարուքյանը։

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը երեկ՝ փետրվարի 10-ին գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել։ Էդմոն Մարուքյանին առաջարկել են հրապարակել սպառնալիքները, սակայն ըստ նրա՝ սպառնալիքների մեջ հայհոյանքներ կան, և նա չի ցանկացել դրանք հրապարակել։

«Կարճ ուղղակի ասեմ, թե ինչ են ասել՝«զգուշացացնում եմ այ գյադա, շուտով գնդակները որոտալու են, նայիր չդիպչի», մնացածը հայհոյանքներ են դրա համար չեմ շարունակում կարդալ։ Գրողը ֆեյք չէ, ռեալ օգտատեր է, որի բոլոր տվյալներն ուղարկել եմ գլխավոր դատախազին»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Բացի այդ, ըստ պարոն Մարուքյանի՝ Վանաձորի քաղաքապետարանում Կառավարությունը սկսկել է աուդիտ անցկացնել, որում «Լուսավոր Հայաստանի» վերաբերյալ հարցապնդում է եղել։

«Այդ աուդիտի հարցերի մեջ հարց է եղել՝ ճշտել, թե հիմնարկներում ովքե՞ր են «Լուսավոր Հայաստանից»։ Սա ի՞նչ է, հեղափոխությունից հետո սա ի՞նչ է, հստակ քաղաքական պատվեր է իջեցված՝  ճշտելու Վանաձորի հիմնարկներում կա՞ն մեր կուսակցության աշխատողներ»,- նշեց ԼՀԿ ղեկավարը։