Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սումգայիթից
A A
Հասարակություն

«Ա՛յ կին, փախի՛-գնա՛ ստեղուց»․ Սումգայիթի ջարդերից փրկված կնոջ հիշողությունները (տեսանյութ)

1988 թվականի փետրվարի 27-29-ը Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպվեցին և իրականացվեցին այնտեղ բնակվող  հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանությունները և կոտորածները։

Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքի Սումգայիթ թաղամասի բնակիչ Ռիմա Սարգսյանը վերհիշում է 1988 թվականի Սումգայիթի ջարդերի օրերը։

Սարգսյանը հիշում է, որ մի անգամ աշխատավայրում աշխատողներից մեկը դանակ էր պատրաստում․ «Ասում եմ «Նովրո՛ւզ, ինչ ես անում այդ քանակի դանակները», վերցրավ բկիս մոտ, սենց արավ դանակը․ «Հայերին սպանելու համար»»։

Նա նշեց, որ չէր սպասում, որ իրոք կարող են սկսվել հայ ազգաբնակչության սպանությունները, տեղահանությունները։

Առավոտյան, շարունակեց Ռիմա Սարգսյանը, մտել է իրենց փողոցի «Սպուտնիկ» խանութը, որտեղ Ռոզա անունով ադրբեջանցի աշխատակցուհին զգուշացրել է, որ հայերին կոտորում են։ «Խանութից հլա առևտուր չեմ արել, մեկ էլ տեսել եմ խանութի մեջ մի գրուպա, մի 6-7 հոգի մեծ կրունկավոր կոշիկները հագներին, հայկական դուբլյոնկեքը հագներին, եկան-մտան խանութ։ Դե երկու դուռ կար խանութում․ իրենք էնտեղից մտան, ես ստեղից դուրս եկա։ Ռոզան ինձ փրկեց, ասեց՝ «Ա՛յ կին, փախի՛-գնա՛ ստեղուց»»,- նշեց նա։

Ռիմա Սարգսյանի դուստրերից Ժանետա Ներսիսյանը հիշում է, որ փետրվարի 27-ը Պոլիտեխնիկական տիխնիկումում իր դիպլոմային աշխատանքի պաշտպանության օրն էր։ «Քույրս, եղբայրս եկել էին, դիպլոմայինս պաշտպանել էի․ մամաս մեծ քեֆ կազմակերպեց, հարևաններով, բարեկամներով եկել էին, նստած ուտում-խմում էինք, քեֆ էինք անում․ խորոված էինք արել բալկոնում »,- շարունակեց Ներսիսյանը։ 

Վերջինիս նշեց, որ երեկոյան 20-00-21։00-ի կողմերը հարևանի տղաները եկան և տիկին Ռիմային ասացին չաղմկել․ «Մորաքույր Ռիմա, խնդրում ենք, մի՛ աղմկեք, հայերին սպանում են։ Մի՛ աղմկեք, եկեք մեզ մոտ, թաքնվե՛ք, հեռացե՛ք»։ 

Մանրամասները՝ տեսանյութերում։