Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Լուրջ խնդիրներ եմ տեսնում․Վլադիմիր Վարդանյանը՝ դատավոր դառնալու գործընթացը պարզեցնելու նախագծի մասին (տեսանյութ)

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը վստահ է, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հեղինակած նախագիծը կոնկրետ անձանց հետ է պայմանավորված։

Նշենք, որ պատգամվորն առաջարկում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարել, համաձայն որի դատավոր դարձնելու գործընթացը պարզեցվում է։

«Եթե մարդը ձեռք է բերել գիտական աստիճան, այսինքն՝ ի սկզբանե նրա մտադրությունը եղել է աշխատել գիտահետազոտական համակարգում, դասավանդել, գիտությունը զարգեցնել, ու դրանից 2 ամիս հետո դիմում է դատավորի քննություններին մասնակցելու համար, ապա ես լուրջ խնդիրներ եմ տեսնում, որովհետև դատական աշխատանքը այնպիսի բնույթ է կրում, որ հավատացնում եմ ձեզ՝ գիտական աշխատանքով զբաղվելու ժամանակ չի մնում»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը և հավելեց.

«Այն գիտությունների թեկնածուն, դոկտորը, որը պաշտպանել է ու մյուս օրը դիմել է դատավորի քննությանը մասնակցելու համար, ինձ համար գոյություն չունի, այն պարզ պատճառով, որ ինքը խաբում է կամ իրեն կամ մեզ։ Հիմա Ձեր նախագիծն ասում է՝ նրանց, ովքեր խաբում են, եկեք հնարավորություն տանք»։

Արման Բաբաջանյանը Վլադիմիր Վարդանյանի հետ չհամաձայնվեց։

«Մենք այսօր ունենք շատ մեծ պահանջարկ, դատավորների թափուր տեղեր կան, կարծում եմ, որ ԱԺ-ի պարտավորությունն է հնարավորինս օգնել, որպեսզի անձանց շրջանակը համալրվի։ Այս նախաձեռնությունը միայն սրան է միտված»,- նշեց նախագծի հեղինակը։

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը, արձագանքելով նախագծի քննարկմանը, ասաց, որ խնդիր կա դատական համակարգը ոչ միայն լավագույն կադրերով, այլև կադրերով համալրելու համար։

«Մենք ունենք վիճակ, երբ անգամ որոշ մասնագիտացումներով դիմողների քանակն է ավելի քիչ, քան անհրաժեշտ է։ Բայց մենք պետք է նաև հաշվի առնենք, որ միգուցե խնդրի լուծումը ոչ միայն այս չափանիշների վերանայման մեջ է, այլև դատավորի աշխատանքը մեր լավագույն իրավաբանների համար գրավիչ դարձնելը։ Այստեղ խոսքը ոչ թե ոչ համապատասխան անձանց դատավոր դառնալու հնաարավորություն տալու մասին է, այլ ընդամենը արտոնություն տալ, այն է՝ համապատասխան քննություններից ազատ լինելը։ Մի բան պարզապես կխնդրեի, որ ցանկացած դեպքում չափանիշները լինեն հստակ, որովհետև այն մարմինը, որն այդ դիմումը պետք է ընդունի, պետք է չափանիշ ունենա, թե արդյոք այս կամ այն ձևի փորձառությունը բավարար է, որպեսզի այդ գործընթացը լինի»,- նշեց Վիգեն Քոչարյանը։

Կառավարության դիրքորոշումը նախագծի վերաբերյալ բացասական էր։ Նախագծի վերաբերյալ առաջարկներ եղան։ Հեղինակն առաջարկեց հետաձգել նախագծի քվեարկությունը, որպեսզի լրամշակումներ անի, ապա կրկին ներկայացնի հանձնաժողով։