37-ամյա ռուսաստանցի օլիմպիական չեմպիոնը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հրավերով Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականում այսուհետ հանդես կգա 2004 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի հնգակի չեմպիոն Հաջիմուրադ Գացալովը։
Դավիթաշենի Օլիմպավանում այսօր տեղի ունեցավ ռուսաստանցի ըմբիշի նորամուտը։ ՀԸՖ-ի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը Հաջիմուրադ Գացալովին հանձնեց Հայաստանի հավաքականի մարզաշապիկ։
Ինչպես հայտնեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը, 37-ամյա ըմբիշի հետ առայժմ ոչ մի պայմանագիր չի ստորագրվել։
«Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը 10 հազար շվեյցարական ֆրանկ է վճարել ըմբշամարտի միջազգային և Ռուսաստանի ֆեդերացիաներին (5000-ական յուրաքանչյուրին), որպեսզի կայանար ըմբիշի տեղափոխումը։ Շնորհակալ ենք նաև երկրի ղեկավարից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, ով արագացված կարգով Հայաստանի քաղաքացիություն շնորհեց անվանի մարզիկին», - պարզաբանեց Արայիկ Բաղդադյանը։
Հաջիմուրադ Գացալովը «Ա1+»-ի հետ հարցազրույցում ասաց, որ Հայաստանի հավաքականի հրավերը մեծ ուրախությամբ է ընդունել։
«Ես լավ ճանաչում եմ ֆեդերացիայի գլխավոր քարտուղարին, ծանոթ եմ նաև թիմի մարզիչների հետ։ Ինձ շատ լավ ընդունեցին հավաքականում։ Չնայած երկար ժամանակ հանդես չեմ եկել խոշոր մրցաշարերում, սակայն աշխատել են պահպանել իմ մարզավիճակը։ Եթե վստահ չլինեի իմ ուժերին, ապա չէի ընդունի այս հրավերը։ Լավ ճանաչում եմ իմ գլխավոր մրցակիցներին, ծանոթ եմ նրանց ուժեղ և թույլ կողմերին։ Ամեն ինչ կանեմ օլիմպիական ուղեգիր նվաճելու համար, իսկ խաղերում մեդալ բերել Հայաստանին», - ասաց փորձառու ըմբիշը։