Հրայր, այ եղբայր, գնա, այս ժողովուրդը հանգիստ ապրի․ Մարուքյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Իմ քայլը» խմբակցության՝ արտահերթ նիստի օրակարգի հարցերի հետ կանչելը և դրանցից մեկի մեջ լրամշակումներ անելն ու նորից արտահերթ նիստ հրավիրելը անլրջություն է համարում։
«Ինչքան կարելի է լինել անորոշ, և չիմանալ, թե ինչ ես ուզում անել։ Եթե մարդը գիտի՝ ինքը ինչ է ուզում անել, իրավաբաններ կան, մասանգետներ կան, դե պատկերացրեք, թե այդ փաթեթը ինչքան խնդրահարույց է, որ ինչքան շտկում են, այնքան շտկելու տեղ կա։ Բայց ասեմ, որ այն ինչքան էլ շտկեն, մեկ է՝ չի շտկվելու, որովհետև նրա էությունը հակասահմանադրական է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը։
Նա նշեց, որ իշխող ուժը գիտակցում է, որ խնդրահարույց փաթեթ է ներկայացրել և փորձում է խնդիրները շտկել։ Թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը, Էդմոն Մարուքյանը չգիտի։
«Քաղաքական մեծամասնությունը Սահմանադրության 213-րդ հոդվածը, որն ուզում է փոխել, այդ հոդվածը կարող է փոխել խորհրդարանում, բայց իրենք 2-րդ ընթերցման փաստաթղթեր չեն ներկայացրել, ինչո՞ւ, որ առաջին ընթերցումից հետո տապալեն նախագիծը, որ գնա հանրաքվեի։ Եթե խորհրդարանը կարող է այդ փոփոխությունը անել այդտեղ, ինչո՞ւ եք ժողովրդին տանում ընտրատեղամաս»,- նկատեց Էդմոն Մարուքյանը։
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը կարծում է, որ իշխանությունը անընդհատ ինքն իր ոտքի վրա կրակելով է զբաղված։ Պարոն Մարուքյանը հարց է բարձրաձայնում, թե ինչո՞ւ է իշխանությունը հնարավորություն տալիս, որ նախկին իշխանության ներկայացուցիչները քարոզարշավի մասնակցեն։
«Հրայր Թովմասյանը նախկին իշխանության ներկայացուցիչ է, իր թիմը հեռացավ իշխանությունից, պետք է ինքն էլ ժամանակի պատշաճ կարգով թողներ գնար, բայց որ ինքը չի հեռացել, դա չի նշանակում, որ նրա հեռանալու համար այսքան արժեք կարելի է զոհաբերել։ Թե չէ Հրայր, գնա, հեռացիր, այ եղբայր չե՞ս տեսնում՝ ինչ են անում, գնա, այս ժողովուրդը հանգիստ ապրի»,- ասաց Էդմոն Մարուքյանը։