Արամ Վարդանյանի` Վստրեչի ապերի գործը կարող է վերաբացվել
Աջակցիր «Ա1+»-ինՎստրեչի ապերի՝ Արամ Վարդանյանի գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել։ Գործով տուժող Մամիկոն Բագրատունու ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանն «Ա1+»-ին հայտնեց, որ Էրեբունի վարչական շրջանի դատախազի տեղակալը կասկածի տակ է դրել Վստրեչի ապերի կողմից դատարան ներկայացրած անչափահաս երեխայի ծննդյան վկայականի իսկությունը։
Ներկայումս քրեական գործ է հարուցվել ծննդյան փաստաթղթեր կեղծելու հոդվածով։
Հիշեցնենք, որ Արամ Վարդանյանն, ըստ մեղադրանքի, կազմակերպել, ղեկավարել եւ անձամբ մասնակցել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ 2017թ․ հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում գտնվող «Արամիս» սուպերմարկետի շրջակայքից բռնության գործադրմամբ, զենքով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով Մամիկոն Բագրատունու բացահայտ առեւանգմանը։ Այնուհետեւ Մամիկոն Բագրատունուն տեղափոխել են Երեւան քաղաքի բնակարաններից մեկը, որտեղ Արամ Վարդանյանը ծեծի է ենթարկել նրան, սպառնացել զենքով սպանել։
Ըստ մեղադրանքի՝ տուժողին շուրջ 3 ժամ անազատության մեջ պահելուց հետո Վարդանյանը սպանության սպառնալիքի ներքո նրանից պահանջել է լքել Հայաստանի Հանրապետության տարածքը։ Տուժողն էլ 2017 թվականի հուլիսի 7-ին մեկնել է Հայաստանից ու վերադարձել իշխանափոխությունից հետո։
Քրեական գործ հարուցելուց հետո Արամ Վարդանյանը Դուբայից արտահանձնման է ենթարկվել, կալանավորվել, իսկ օրեր անց 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել։
Առեւանգմանը եւ ծեծին, թեեւ բազմաթիվ անձինք էին մասնակցել, սակայն ամբաստանյալի աթոռին հայտնվել էին միայն Արամ Վարդանյանը եւ Գարեգին Իսկանդարյանը։ Վերջիններս ընդունեցին իրենց մեղքը եւ համաներման կիրառման արդյունքում ազատվեցին քրեական հետապնդումից։ Դատավոր Մեսրոպ Մակյանը հաշվի էր առել նաեւ ամբաստանյալների խնամքին անչափահաս երեխաների առկայությունը։ Այս գործով նիստերը, պաշտպանական կողմի միջնորդությամբ,անցկացվեցին դռնփակ։
Վերաքննիչ դատարանը մերժել էր տուժող կողմի բողոքը, իսկ ահա Վճռաբեկը գործը վարույթ չէր ընդունել։
Առեւանգման եւ բռնություն գործադրելու գործով անցնում էին նաեւ այլ անձինք, սակայն քննիչը գործի վարույթը կասեցրել էր՝ մեղավոր անձանց հայտնի չլինելու պատճառով։ Տուժողի ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի անունով բողոք է ներկայացրել՝ քննիչի սխալ որոշում կայացնելու հիմքով։ Ներկայումս հարուցվել է քրեական գործ՝ ծննդյան փաստաթղթեր կեղծելու հոդվածով։ Նոր երեւան եկած հանգամանքների հիմքով, գործի վերաբացման համար, Արայիկ Պապիկյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել, սակայն դեռ նորություն չկա։