99 համարի երթուղայինը վթարի է ենթարկվել․ ուղեւորները տեղափոխվել են հիվանդանոց
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր առավոտյան Իսակովի պողոտայում 99 համարի երթուղին սպասարկող «Գազել»-ի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով կան տուժածներ։
«Shamshyan.com»-ը գրել էր, որ մարդատար «Գազել»-ի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում, նա եւ 6 ուղեւորներ տեղափոխվել են հիվանդանոց։
Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց՝ եթե վարորդը ոչ սթափ վիճակում է եղել, նրան խիստ պատիժ է սպասվում, դեպքն անպատիժ չի մնա։
Կապվեցինք նաեւ Ոստիկանության լրատվական բաժնի հետ, սակայն նշեցին, որ այս պահի դրությամբ՝ դեպքի և վարորդի կարգավիճակի հետ կապված տեղեկատվություն չեն կարող տրամադրել։
Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տուժածների առողջական վիճակի մասին մանրամասներ է ներկայացրել Ֆեյսբուքի իր էջում․
«Փետրվարի 5-ին առողջապահության նախարարությունը հաղորդում է ստացել, որ 99 համարի երթուղային տաքսին վթարի է ենթարկվել և կան տուժածներ:
Նրանցից 3-ը տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Նախնական տեղեկություններով ունեն միջին ծանրության կոտրվածքներ` կյանքին սպառնացող վտանգ չկա: Այս պահին կատարվում են հետազոտություններ:
Բացի այդ, 3 տուժած տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն` կրկին միջին ծանրության կոտրվածքներով:
Ներկայումս բոլոր տուժածները ստանում են ահրաժեշտ առաջին բուժօգնություն, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»: