Սուրբ Սարգիսը գալիս է․ աղի երազներ ուղիղ մեկ շաբաթ հետո
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 3-ից սկսվում է առաջավորաց պահքը, որը հատուկ է միայն Հայ Առաքելական եկեղեցուն եւ տևում է հինգ օր: Դրան կհաջորդի Սուրբ Սարգիս զորավարի, իր որդի Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հիշատակության օրը, որն այս տարի Հայ առաքելական եկեղեցին նշում է փետրվարի 8-ին։
« Սարգիս զորավարը, չլինելով հայ, դարձավ մեր մեծագույն և սիրելի սրբերից մեկը, որովհետև նա հայերիս մեջ ընկալվում է փորձությունների ժամանակ արագ հասնող և օգնող սուրբ»,- նշում է Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տեր-Եսայի քահանա Արթենյանը։
Արարատյան հայրապետական թեմում նախապատրաստվում են տոնական միջոցառումներին։ Ըստ տեղեկատվական բաժնի պատասխանատու Նոյեմի Անդրեասյանի՝ այս տարի էլ, ինչպես նախորդ տարիներին, տեղի կունենա զինվորների և երիտասարդների օրհնության կարգ թեմի առաջնորդի կողմից: Տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր։
4 տարի շարունակ օրվա ավանդույթ է նաև զինվորների պարգևատրումը․ այս տարին ևս բացառություն չէ։
«Նավասարդ Սբազանը կպարգևատրի ծառայությամբ աչքի ընկած զինվորներին, բոլոր պարգևատրվողները բացառապես սահմանային գծում ծառայությամբ աչքի ընկած զինվորներն են»,- նշում է Նոյեմի Անդրեասյանը։
Պատարագից հետո տեղի կունենա քայլերթ Սուրբ Սարգիս եկեղեցուց մինչև Սիրահարների այգի՝ Սուրբ Սարգսին խորհրդանշող ձիավորի ուղեկցությամբ, քահանաների թափորով, մեծ նվագախմբով։
Շատերի համար Սուրբ Սարգսի տոնը պարզապես աղի բլիթ ուտելու օր է, բայց օրվա խորհուրդն այլ է։
«Աղի բլիթը բացառապես ժողովրդական ավանդույթ է և օրվա հոգևոր կողմի հետ որևէ կապ չունի։ Առավել ևս այն տեսանկյունից, երբ մենք աղի բլիթ ուտելու հետ որևէ գուշակություններ ենք զուգորդում․ դա դեմ է քրիստոնեությանը։ Աղի բլիթ ուտելը պարզապես գեղեցիկ ավանդույթ է, որի հետ որևէ գուշակություն պետք չէ կապել, այլ պետք է հասկանալ, որ սա պարզապես խաղ է»,- ասում է Տեր-Եսայի քահանա Արթենյանը։
Ըստ հոգեւորականների՝ կարեւորը հավատն է, եւ հաստատ մեկը ջուր կտա անհագ սիրո սպասողին։