A
A
Շատ կարևոր է, որ հասարակությունը հասկանա. Դանիել Իոաննիսյանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Կոռուպցիայի դեմ պայքարում ամենակարևորը պատժի անխուսափելիության բաղադրիչն է», - «Հայաստանում ստեղծվում է Հակակոռուպցիոն կոմիտե. կառույցի ձևավորման խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
Ըստ նրա՝ քաղաքական կամքը պետք է հիմնված լինի նաեւ ինստիտուտների, կոնկրետ օրենսդրության վրա։ Նա նշեց, որ շատ կարևոր է, որ պետական համակարգը թույլ չտա՝ կոռուպցիան գլուխ բարձրացնի։
«Մեզ համար շատ կարևոր է, որ հակակոռուպցիոն կոմիտեն ունենա թե՛ իրապես պայքարելու կարողություններ կոռուպցիայի դեմ, և թե՛ օրենսդրական, թե՛ տեխնիկական, թե՛ մարդկային ռեսուրսների առումով։ Եվ թե՛ ունենա բավարար անկախության մակարդակ», - նշեց ԻՔՄ ծրագրերի համակարգողը։
«2018 թվականի Ապրիլյան հեղափոխությունից հետո Հանրապետությունում նկատվել և դրսևորվում է քաղաքական կամք կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից», - ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ, իրավաբան Հայկուհի Հարությունյանը:
Ըստ նրա՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ինստիտուտներից մեկն էր կոռուպցիայի դեմ պայքարում։
«Կոռուպցիայի կանխարգելման պայքարում շատ ենք կարևորել յուրաքանչյուր քաղաքացու դերակատարումը։ Քաղաքացին պետք է կարողանա իր վարքագծով բացառել հնարավոր կոռուպցիոն համագործակցության հնարավորությունը պետական մարմնի կամ իշխանության ներկայացուցչի հետ», - ընդգծեց նա։
Հանձնաժողովի նախագահի խոսքերով՝ հանձնաժողովի համար կարևոր է, որ ձևավորվելիք կոմիտեն և աշխատակիցներն ունենան բարեվարքության այն կանոնները, որոնք կիրառվելու են առաջին անգամ։ Հարությունյանը կարևորեց նաև Հանձնաժողովի և Կոմիտեի միջև փոխզսպման համակարգի անհրաժեշտությունը։