Մտածում էի, որ շատ դժվար է լինելու վնասվածքից հետո․ Արտեմ Մանուկյան
Աջակցիր «Ա1+»-ինՕմսկի «Ավանգարդ» թիմի հոկեյիստ Արտեմ Մանուկյանը գոհ է իր ներկայիս մարզավիճակից, չնայած վնասվածքի պատճառով բաց է թողել ընթացիկ մրցաշրջանի կեսը։
«Մտածում էի, որ շատ դժվար է լինելու վնասվածքից հետո, բայց ամեն ինչ նորմալ է ընթանում։ Դեռ մի քանի խաղ պետք է, որ իդեալական մարզավիճակ ձեռք բերեմ, ինչը պետք կգա փլեյ-օֆֆում», - այդ մասին հայազգի հոկեյիստն ասել է Հոկեյի մայրցամաքային լիգայի պաշտոնական կայքէջին։
Արտեմ Մանուկյանը մասնակցելով իր թիմի վերջին հինգ հանդիպումներին, դարձել է 2 գոլի հեղինակ։
«Հինգ ամիս ընդմիջումից հետո ես առանձնապես չէի մտածում գոլեր խփելու մասին, միայն ցանկանում էի դուրս գալ սահադաշտ և խաղալ։ Ուրախ եմ, որ հաջողվեց նաև գոլեր խփել և օգնել թիմին մտնել փլեյ-օֆֆ։ Այս տարի կփորձենք ավելի լավ հանդես գալ։ Տեսնենք, թե ինչպես կստացվի», - եզրակացրել է Արտեմ Մանուկյանը։
Հավելենք, որ Օմսկի «Ավանգարդը» ՀԿԼ-ի Արևելյան գոտում զբաղեցնում է 2-րդ տեղը և արդեն փլեյ-օֆֆի ուղեգիր է նվաճել։