Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռուբեն Բաբայան
A A
Մշակույթ Հասարակություն

Միայն տոմսերի վաճառքով որևէ թատերախումբ իրեն պահել չի կարող․ Ռուբեն Բաբայանը՝ պետական աջակցության մասին (տեսանյութ)

Այս տարվա փետրվարի 11-ին եւ 14-ին Տիկնիկային թատրոնում ներկայացումների առաջնախաղ (պրեմիերա) տեղի կունենա, որը բեմադրելու է թատրոնի դերասան և ռեժիսոր Տաթևիկ Մելքոնյանը։

Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը՝ հիշեցնելով, որ Մելքոնյանը բեմադրել է նաև Օրհան Փամուքի «Իմ անունը կարմիր է» վեպը։

«Սկզբում դա բեմական խոսքի քննություն էր, որովհետև Տաթևիկ Մելքոնյանը բեմական խոսք է դասավանդում։ Եվ իրենք տվեցին մեր բեմում այդ քննությունը։ Այդ քննությունն ինձ այնքան շատ դուր եկավ, որ ասեցի՝ սա դարձնենք ներկայացում (մի քիչ ավելի կրճատենք, մի քիչ ավելի թատերականացնենք)։ Ինքս դեռ չեմ տեսել՝ ինչ է ստացվել, ամսի 7-ին եմ նայելու։ Բայց ամսի 11-ի համար արդեն բոլոր տոմսերը վաճառված են»,- նշեց Տիկնիկային թատրոնի ղեկավարը։

Մյուսը լեհ դրամատուրգ Զագրադնիկի «Սոլո ժամացույցի համար» գործն է, որը բեմադրելու է Սամսոն Մովսիսյանը։ Բաբայանի խոսքերով՝ այս ներկայացումը բեմադրվելու է 3 բեմում՝ Տիկնիկային թատրոնում, Սունդուկյանի անվան թատրոնում և Սոս Սարգսյանի անվան Համազգային  թատրոնում։ 

«Երիտասարդների և մեծահասակների շատ հետաքրքիր հարաբերությունների մասին է խոսքը։ Եվ մենք այս ներկայացմամբ փորձում ենք տալ հնարավորություն մեր փայլուն մեծահասակ դերասաններին, որոնք աշխատում են տարբեր թատրոններում, որ միաժամանակ դուրս գան բեմ»,- նշեց ռեժիսորը՝ հույս հայտնելով, որ բեմականացումը կտեղափոխեն նաև մարզեր։

Վաստակավոր արտիստը կարևորեց պետական աջակցությունը թատրոնները պահելու հարցում։ «Միայն ներկայացումների տոմսերի վաճառքով որևէ թատերախումբ իրեն պահել չի կարող։ Որովհետև եթե տոմսի մեջ մտցնենք ինքնարժեքը, տոմսի արժեքը կդառնա, մեր էսօրվա գներով, մոտավորապես 30-40 հազար դրամ։ Ո՞վ է այդքան տալու»,- նշեց նա։

Նրա խոսքերով՝ խնդիրը, որ դրվում է արվեստի առջև, փող աշխատելը չէ։ «Եվ եթե պետության համար կարևոր է, որպեսզի հանդիսատեսը գնա թանգարան, գնա պատկերասրահ, գնա դասական երաժշտություն լսի, գնա թատրոնում ներկայացում նայի, նախ օժանդակում է, որովհետև այդտեղ նա լուծում է նաև կրթական-մշակութային հարց»,- ընդգծեց Ռուբեն Բաբայանը։