Բացել լրահոսը Փակել լրահոսը
Photo 2
A A
Պաշտոնական

Քննարկվել է Չինաստանի հետ մուտքի վիզայի ազատ ռեժիմի ժամանակավոր կասեցման նպատակահարմարությունը

Հունվարի 31-ին փոխվարաչպետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: 

Տիգրան Ավինյանը ասել է.

«Հավաքվել ենք քննարկելու կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը աշխարհում, ինչպես նաև քննարկել այն միջոցառումները, որոնք անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի Հանրապետությունում, և Հայաստանի Հանրապետությունից դուրս: Ուզում եմ տեղեկացնել, որ կորոնավիրուսով վարակված մարդկանց թվաքանակը  հասել է մոտավորապես 10 000-ի, որոնք հիմնականում գտնվում են Չինաստանի Ուհան քաղաքում: Այնուամենայնիվ, արդեն դեպքեր են գրանցվել ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրամիությունում և Մերձավոր Արևելքում: 

Կառաջարկեմ առողջապահության նախարարը ներկայացնի իրավիճակը այս պահի դրությամբ, այն միջոցառումները որոնք իրականացվել են մինչ օրս: Ինչպես նաև հետագայում ԱԳ նախարարի տեղակալը կխնդրեմ ներկայացնի ՀՀ այն քաղաքացիների իրավիճակը,  ովքեր կցանկանան վերադառնալ Հայաստանի Հանրապետություն և արդյոք այս ուղղությամբ որևէ գործողություն արվել է թե ոչ»:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով իրականացվող միջոցառումները, ինչպես նաև երկիր ժամանող քաղաքացիների նկատմամբ անհրաժեշտ վերահսկողական մեխանիզմները: Արսեն Թորոսյանը նշել է, որ ՀՀ ԱԳՆ-ի հետ համատեղ ինտենսիվ աշխատանքներ են տարվում  կորոնավիրուսի ախտորոշման համար անհրաժեշտ լաբորատոր թեստեր ձեռք բերելու ուղղությամբ: 

ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը նշել է, որ Չինաստանում ՀՀ դեսպանությունը շարունակական կապի մեջ է գտնվում մեր մոտ 600 քաղաքացիների հետ և իրականացնում է  անհրաժեշտ գործողությունները: Նա նաև հավելել է, որ գործընկեր երկրների հետ քննարկվում է Հուբեի նահանգում բնակվող ՀՀ քաղաքացիների կամավոր տարահանման հնարավորությունները:

Նիստի ընթացքում քննարկվել է Չինաստանի հետ մուտքի վիզայի ազատ ռեժիմի ժամանակավոր կասեցման նպատակահարմարությունը:

Վերջում փոխվարչապետի կողմից գերատեսչությունների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ: