«Բարսելոնան» վնասվածք ստացած Լուիս Սուարեսին փոխարինող չի գտել
Աջակցիր «Ա1+»-ինԻսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում այդպես էլ չկարողացավ փոխարինող գտնել վնասվածք ստացած հարձակվող Լուիս Սուարեսի տեղը: Այդ մասին հայտնում է Կատալոնիայի մայրաքաղաքում լույս տեսնող Mundo Deportivo թերթը:
Բարսելոնյան ակումբը հունվար ամսին այդ նպատակով բանակցություններ է վարել երեք ֆուտբոլիստների գործակալների հետ, սակայն տարբեր պատճառներով այդպես էլ համաձայնության չի եկել: Գլխավոր թեկնածուն եղել է Լոնդոնի «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: Հիշատակվում էին նաև Լոնդոնի «Չելսիի» ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուի և «Այաքսի» սերբ ռմբարկու Դուշան Տադիչի անունները:
Նշենք, որ Լուիս Սուարեսը վասվածք էր ստացել հունվարի 9-ին, «Աթլետիկոյի» հետ սուպերգավաթի խաղում: Ուրուգվայցի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրել էր 17 խաղ, խփել 11 գոլ: Վնասվածքի պատճառով նա բաց կթողնի մոտ չորս ամիս: