Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Ազգային ժողովը քայլեր կանի, որոնցով կլուծի Սահմանադրական դատարանի թնջուկը (տեսանյութ)

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը խոստանում է «Դաշնակցություն» կուսակցության մասին հրապարակել «նորանոր ահաբեկչական» ապացույցներ։

Հիշեցնենք, որ ՀՅԴ մի շարք գործիչներ Ա․Բաբաջանյանին դատի էին տվել նրա՝ «ՀՅԴ-ն ահաբեկչական անցյալով հայտնի ուժ է» արտահայտության համար։ Պատգամավորն ասում է, որ այդ ապացույցները վերաբերում են ՀՀ նորագույն պատմությանը և ՀՅԴ այն գործիչներին, որոնք այսօր էլ դերակատար են այդ կուսակցությունում։

Ա․Բաբաջանյանը «Ա1+»-ի հետ զրույցում անդրադարձավ նաև Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված վիճակին։ Նա ասաց, որ առաջիկայում ԱԺ-ն ինչ-որ գործողություններ կանի, որոնք հիմնավորապես կլուծեն ՍԴ թնջուկը։

«Հրայր Թովմասյանը պետք է հիշի, թե 2018թ․ինչպես ջարդվեց ղարաբաղցու կողը, և ոչինչ չի խանգարի ջարդելու նաև նրա կողը։ Կլինեն դիմումներ, որոնք կապացուցեն, թե ՍԴ-ն ինչպես է մասնակցել պետության բռնազավթմանը»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքերով՝ Հրայր Թովմասյանը կառավարվում է նրանց կողմից, ում հետ նա իր մասնավոր այցերի ժամանակ «պարբերաբար հանդիպում է ռուսաստաններում»։

Ա․Բաբաջանյանը նաև հայտնեց, որ իշխանությունները հակված էին նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին նշանակել ԱԱԾ փոխտնօրեն։ Նաև հավելեց, թե նախկին իշխանությունները, մասնավորապես՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Գագիկ Հարությունյանը, Դավիթ Հարությունյանն ու Աղվան Հովսեփյանն իրենց մարդկանց ունեն սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում և հույս հայտնեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հաստատի Արդարադատության նախարարության ներկայացրած՝ իրավաբան գիտնականների թեկնածությունները։

Մանրամասները՝ տեսանյութում