Բացել լրահոսը Փակել լրահոսը
Iskandaryan
A A
Քաղաքականություն

Վանեցյանն այդպիսի պառակտումների արդյունք է․ Իսկանդարյանը՝ իշխանության ներսում թևերի մասին (տեսանյութ)

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը երբեմն հանդես է գալիս թվիթերյան գրառումներով՝ անդրադառնալով քաղաքական մի շարք հարցերի, իսկ Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյբուքյան գրառումներով է անդրադառնում քաղաքական անցուդարձին։

Հարցին, թե Վանեցյանը կամ Մինասյանը կարո՞ղ են լինել ընդդիմադիր բևեռ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ  Ալեքսանդր Իսկանդարյանը պատասխանեց, որ քաղաքականապես իրական ընդդիմանալու համար բավարար չէ լինել մեկը, որը հոդվածներ է գրում։

«Դրա համար անհրաժեշտ է ունենալ քաղաքական ուժ իր ռեսուրսներով․ մարդկային, փորձագետների, հիերարխիայով, ֆինանսական և այլն, և այլն։ Այդ ուժը ես չեմ տեսնում։ Ասում եք՝ «Կարո՞ղ է արդյոք այդ ուժը ստեղծել Վանեցյանը կամ Միքայել Մինասյանը», կարող է, Հայաստանի 3 միլիոնանոց բնակչությունից հավասարապես նաև ցանկացածը կարող է, տեսականորեն կարող է։ Վաղ թե ուշ դա տեղի կունենա»,- նշեց Իսկանդարյանը։

Քաղաքագետի կարծիքով՝ իշխանության ներսում կան թևեր, և դասական իրավիճակ է, քանի որ եթե մի քաղաքական ուժ այդքան շատ տեղ է զբաղեցնում քաղաքական դաշտում, ապա նրա ներսում իհարկե կարող են ձևավորվել տարբեր հակադիր թևեր։ 

«Ինքնստինքյան Վանեցյանն այդպիսի պառակտումների արդյունք է։ Եվ դա շատ բնական է։ Երբ տեղի ունեցավ հեղափոխությունը, այդ հեղափոխությունը մարդկանց շատ քիչ թիվ  է իրականում արել․ արել է պարոն Փաշինյանը և մաքսիմում նրա շուրջը կանգնած մի քանի տասնյակ մարդ։ Այն ձևավորված քաղաքական ուժ չէր։ Հետո նրանք եկան իշխանության, տեղի ունեցավ հեղափոխությունը»,- շարունակեց նա։

Ըստ նրա՝ իշխանափոխությունից հետո տարբեր պաշտոններ ստացած մարդիկ տարբեր էին․ մեկը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում էր, մեկն այլ տեղից էր եկել, ինչ-որ մեկն ինչ-որ մեկին գիտեր, մեկը աջակցում էր այդ կուսակցությանը (Քաղաքացիական պայմանագիր) և այլն։

«Կարո՞ղ էին այդ մարդիկ հետո չունենալ հակասություններ, իհարկե ոչ։ Նրանք տարբեր համակարգերից էին հայտնվել, տարբեր սխեմաներից»,- բացատրեց «Կովկաս» ինստիտուտի տնօրենը։

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմսայանի շուրջ տեղի ունեցողը (իշխող ուժը պահանջում է նրա հրաժարականը, պահանջում է մինչև 2018 թվականն ընտրված ՍԴ դատավորների հրաժարականը – հեղ․) քաղաքագետը տրամաբանական է համարում հեղափոխության կոնտեքստում։ 

Մանրամասները՝ տեսանյութում