Բացել լրահոսը Փակել լրահոսը
94.thumb
A A
Քաղաքականություն

«Երկրի առաջին դեմքն իրավունք չունի անել հայտարարություններ, որոնք իրավական հիմքեր չունեն» (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» խմբակցության համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է գործադիր իշխանությունն անդրադառնում միայն ՍԴ-ին, երբ խոսքը վերաբերում է դատական իշխանության նկատմամբ անվստահությանը։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

«Հասարակությունը չի վստահում դատական իշխանությանը, քանի որ առաջին ատյանի դատարանից ստանում է իր սրտի, մտքին ոչ համապատասխան որոշումներ և շատ դեպքերում հասարակությունը ճիշտ է։ Որվհետև մեր դատական համակարգը չի կարողանում արդյունավետ արդարադատություն իրականացնել՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով։ Այստեղ մեղավորը ոչ թե Սահմանադրական դատարանն է, այլ ամբողջ դատական իշխանության համակարագը՝  սկսած առաջին ատյանին դատարանից վերջացրած ԲԴԽ-ով։ Այս հսկայական խնդիրը մոռանալ ու մեկ անձի շուրջ կենտրոնանալը սխալ մոտեցում է, որը ոչ մի լուծման չի տանում»,- ասաց նա։ 

Ըստ Տարոն Սիմոնյանի՝ իշխանության մեկ թևն իրավունք չունի ճնշել մյուս թևին, կան հակակշիռներ և զսպումներ, որոնք Սահմանադրությամբ երաշխավորված են։ 

«Եթե զսպումները դուրս են գալիս Սահմանադրությամբ թույլատրելի  շրջանակներից, և դա ըստ էության քաղաքական ճնշում է ենթադրում, ինչը նաև տեսնում ենք  և՛ մեր գործընկեր պատգամավորների արտահայտած մտքերում և՛ գործադիր իշխանության ներկայացուցիչների արտահայտած մտաքերում, ապա, այո՛, այստեղ մենք խնդիր տեսնում ենք»,- նշեց Տարոն Սիմոնյանը։ 

«Եթե առանց իրավական հիմքերի անձին մեղադրանքներ են հնչեցնում, ապա ՝ իհարկե, դա ճնշում է։ Եթե կան իրավական հիմքեր և անձինք կատարել են իրավախախտումներ, ապա գործընթաց թող սկսի, մարդիկ պատասխանատվության ենթարկվեն և լքեն իրենց պաշտոնը, այս պարագայում ճնշում չի լինի»,- ասաց Տարոն Սիմոնյանը։ 

Ընդդիմադիր խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյան էլ հավելեց, թե հեղափոխությունից հետո բոլոր ոլորտներում բարեփոխումներ էին սպասվում, բայց այսօր՝ հեղափոխությունից մոտ 2 տարի անց իշխանությունները   հասարակության ունեցած սպասումները դեռ չեն արդարացրել։

«Բոլոր ոլորտներում ռեֆորմների փոխարեն, մենք տեսնում ենք պայքար հների դեմ, ինչը դրսևորովում է տարբեր ձևերով։ Կարծում եմ այս պայքարն արդեն ուշացած է, մենք իրական ռեֆորմների  կարոտ ենք։ Քաղաքական մեծամասնությունը ռեֆորմները թողած իրենց ռեսուրսները կենտրոնացրել է միայն ՍԴ-ի վրա»,- նկատեց Գևորգ Գորգիսյանը։

Անդրադառնալով վարչապետի կողմից հնչեցրած հայտարարությանը, թե ՍԴ նախագահը կեղծիքով է ընտրվել, Գևորգ Գորգիսյանն ասաց, որ դրա համար իրավական հիմքեր պետք է լինեն, որոնցով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները։

«Երկրի առաջին դեմքն իրավունք չունի անել հայտարարություններ, որոնք իրավական հիմքեր չունեն, սա անթույլատրելի է»,- պարոն Գորգիսյանը։