Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Փորձում ենք գտնել լավագույն տարբերակը․ Լիլիթ Մակունցը՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Ազգային ժողովի ճեպազրույցներին այսօր «Իմ քայլը» խմբակցությունից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս են պատրաստվում լուծել ՍԴ-ում եղած ճգնաժամը, այն պարագայում,  երբ երեկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն «168TV»-ի «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ մինչև վերջ գնալու է։ 

 «Հասցրել եմ դիտել Հրայր Թովմասյանի հարցազրույցը, մինչ բուն հարցին անդրադառնալը երկու կարևոր արձանագրում անեմ՝ հիմնվելով հարցազրույցի վրա, որը լսել ենք: Նախ՝ պետք է հստակ տարանջատել անձերին, ՍԴ դատավորներին, անդամներին  Սահմանադրական դատարանից: Որպես ԱԺ պատգամավորի՝ ինձ համար ՍԴ անդամը հետաքրքում է միայն մասնագիտական անաչառության տեսանկյունից, և այն տեսանկյունից, որ տվյալ անձը չի ենթարկվում որևէ արտաքին ազդեցության: Այսինքն՝ որևէ անձի նկատմամբ ԱԺ-ի կողմից պահանջը Սահմանադրական դատարանի ներկայացուցչի բացառապես դա է»,-ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ 

ԱԺ-ում իշխող ուժի ղեկավարի խոսքով՝ 2015թ․-ին սահմանադրական փոփոխություններից հետո, Սահմանադրական դատարանը որպես ինստիտուտ լիարժեք չի գործում: Նման եզրակացության հիմք է հանդիսացել այն, որ ՍԴ-ում գործում են երկու տարբեր ռեժիմներ դատավորների համար և անցումային դրույթները բացակայում են, որոնք պետք է ապահովեին լիարժեք փոխանցում սահմանադրական նախկին ռեժիմից ներկա ռեժիմին.

«Այս պահին այդ ամենն ապահովված չէ, և մենք արձանագրում ենք այս խնդիրը, այլապես ՍԴ-ի հետ կապված բացի վստահության ճգնաժամից, ՍԴ-ի բնականոն աշխատանքի համար այս խնդիրը պետք է արձանագրել»,-նշեց  Լիլիթ Մակունցը:

Ըստ նրա՝ հաղորդման ժամանակ Հրայր Թովմասյանը հնարավորինս զերծ է մնացել քաղաքական գնահատականներ հնչեցնելուց, չնայած ոչ ամբողջությամբ, օրինակ՝ ՍԴ նախագահը խոսել է Արցախի հիմնախնդրից, ինչը Լիլիթ Մակունցի դիտարկմամբ՝ քաղաքական խոսք է:

Այնուամենայնիվ, իշխող ուժի ղեկավարը կարծում է, որ  ՍԴ-ում ստեղծված իրավիճակը հանգուցալուծվելու է։ 

«Մենք այս մի քանի ամիսների ընթացքում արել ենք հայտարարություններ, որ մենք փորձում ենք գտնել լավագույն տարբերակը,  կրկին կլինեն քայլեր, որոնք կբերեն իրավիճակի լուծման»,-նկատեց Լիլիթ Մակունցը։