Բացել լրահոսը Փակել լրահոսը
84185120_814909212361274_8086184032540295168_n
A A
Քաղաքականություն

«Իմ քայլը»-ը որոշել է այլևս չանդրադառնալ Արթուր Վանեցյանի հայտարարություններին (տեսանյութ)

Ազգային ժողովի իշխող ուժը՝ «Իմ քայլը» խմբակցությունը, որոշել է այլևս չանդրադառնալ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարություններին, որովհետև նա քաղաքականություն մուտք գործելու հայտ չի ներկայացրել։ 

Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ 

«Երբ նա կհայտարարի այն մասին, որ ինքը զբաղվում է քաղաքականությամբ ի լուր ՀՀ քաղաքացիների, այդ ժամանակ մենք կհասկանանք, թե  Արթուր Վանեցյանին որպես ինչ ենք արձագանքում»,- նկատեց Լիլիթ Մակունցը։ 

Խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը հարկ համարեց հիշեցնել, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հասարակության շրջանում հայտնի է դարձել հեղափոխությունից հետո, երբ նշանակվեց ԱԱԾ տնօրեն։ 

«Արթուր Վանեցյանի հանրային ճանաչելիությունը, որը հիմա նա ունի, բացառապես  պարտական է հեղափոխությանը, մասնավորապես ՀՀ վարչապետին։ Ըստ էության՝ այն հայտարարությունները,  որն անում է Արթուր Վանեցյանը, մենք պետք է հասկանանք, դրանց վերաբերում ենք որպես ԱԱԾ նախկին տնօրենի՞, թե՞ դրանց վերաբերում ենք քաղաքական հայտ ներկայացնող  Արթուր Վանեցյանի հայտարարություններ, որովհետև դրանք բավականին նուրբ երանգներ ունեն։ Քաղաքական հայտարարությունները, որոնք անում է Արթուր Վանեցյանը, կարծում եմ, որ բավական մակերեսային են, որովհետև պարոն Վանեցյանը չունի որևէ քաղաքական կապիտալ»,- ասաց Հայկ Կոնջորյանը և հավելեց, որ ԱԱԾ նախկին տնօրենի հայտարարությունները իրականությունից կտրվածության դրսևորումներ ունեն, և դրանում քաղաքական ասելիքի բացակություն  է նկատում։ 

«Ավելի շատ համացանցում երևալու ցանկության հետևանք է»,- նկատեց նա։ 

Նշենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 25-ին կայացած ասուլիսից մեկ օր անց, Թվիթերի իր էջում գրել էր․ 

«Կարծում եմ՝ երեկվա ասուլիսից ու այսօրվա գրիչի պատմությունից հետո իշխող կուսակցությունը, ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, պետք է քննարկի իր շարքերից վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը»։