Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Պատմությունը գիտի բանտերից հաջող քաղաքական պայքարի շատ ոգեշնչող օրինակներ․ Ռոբերտ Քոչարյան․ Yerevan.Today

Yerevan.Today-ը գրասենյակի միջոցով հարցեր էր ուղղել Ռոբերտ Քոչարյանին։ Հունվարի 28-ին ստացել ենք պատասխանները, որոնք և հրապարակում ենք ամբողջությամբ։

Տարին սկսվեց տարածաշրջանում լարվածության աճով, որի պատճառը իրանցի գեներալ Սուլեյմանիին սպանելու՝ ամերիկացիների քայլն էր։  Ինչպե՞ս եք գնահատում իրադարձությունները և մեր իշխանությունների արձագանքն այդ իրադարձություններին:

Տեղի ունեցող իրադարձությունները գլոբալ աշխարհակարգի վերաֆորմատավորման գործընթացի հետևանք են, ինչի մասին խոսել եմ վերջին հարցազրույցներից մեկում։ Տարածաշրջանային խաղացողների ազդեցության աճին հակազդում է գլոբալ առաջնորդը, որն արդեն չունի գերակայելու համար ռեսուրսներ, սակայն դեռ ունի ընդդիմախոսներին վնաս հասցնելու հնարավորություն։ Գործընթացը չափազանց վտանգավոր է, բայց անխուսափելի, և մենք պետք է պատրաստ լինենք նման դրսևորումներին։ Հայաստանի արձագանքն ամոթալի, ջայլամային էր։ «Լեոպոլդ» կատվի մասին հայտնի մուլտֆիլմից «եկեք համերաշխ ապրենք» ոճով վարչապետի «Լեռան քարոզը» բացարձակապես ադեկվատ չէր։ Խոսքն ինչ-որ մեկի կողմն անցնելու մասին չէ, սակայն պետք էր գոնե նշել տեղի ունեցածի պատճառահետևանքային կապը։ Այսպես՝ կողքից հետևողի դիրքերից, կարող էր արձագանքել Պոլինեզիայի որևէ կղզի պետություն, ոչ թե բարեկամ հարևանը։

Կիսո՞ւմ եք տնտեսական ցուցանիշների վերաբերյալ վարչապետի հիացմունքը։ Ինչպիսի՞ն է տնտեսական տարվա ու խնդիրների վերաբերյալ Ձեր կանխատեսումը:

Վարչապետի հիացմունքի պատճառները, հավանաբար, հայտնի են միայն իրեն։ Տնտեսությանն առնչվող հարցերին ավելի մանրամասն կանդրադառնամ, քանի որ կարելի է խոսել նախորդ տարվա որոշ արդյունքների մասին։

ա) Երկու բառ տնտեսության կառուցվածքի մասին:

Հիշեցնեմ, որ կառավարությունը խոսում էր հումքային բաղադրիչը կրճատելու, բարձր արտադրողական գյուղատնտեսություն զարգացնելու, շինարարությունը խթանելու, ինչպես նաև գիտատար արտահանման կողմնորոշում ունեցող ճյուղերը ու թվային տնտեսությունը զարգացնելու հաստատակամ մտադրության մասին։ Նախորդ տարի տեղի է ունեցել հակառակը. տնտեսության ընդհանուր ծավալում հանքաարդյունաբերության մասնաբաժինն աճել է, գյուղատնտեսության մասնաբաժինը՝ նվազել, ներկրման և արտահանման տարբերությունն աճել է, առևտրի և ծառայությունների ոլորտն աճել է՝ բացառապես խաղային բիզնեսի և սպառողական վարկավորման, այլ ոչ թե «նոր տնտեսության» հաշվին: Վարչապետի խոստացած շինարարական բումն այդպես էլ չսկսված՝ ավարտվեց. ոլորտն ավելի փոքր տեմպերով աճեց, քան տնտեսությունն ընդհանուր առմամբ։ Բյուջեի ծախսային մասը խիստ թերակատարվել է կապիտալ ծախսերի մասով։ Պետական պարտքն աճել է, ՀՀ-ից մարդկանց արտահոսքը՝ շարունակվել:

Այսպիսով, տնտեսության կառուցվածքը նախորդ տարվա ընթացքում փոխվել է վարչապետի ծրագրերին ի հակառակ։ Նախանշված նպատակների և փաստացի արդյունքների իրարամերժ զարգացումը խոսում է կառավարության մոտ տնտեսական քաղաքականության, կառավարման հմտությունների և նույնիսկ կարճաժամկետ կտրվածքով կանխատեսելու ունակության բացակայության մասին: Երկրի տնտեսության կառուցվածքը ձևավորում էր պղնձի գները և տոտալիզատորը, այլ ոչ թե՝ կառավարության ծրագրերը։ Սա նախարարների և գերատեսչությունների ղեկավարների մեծամասնության մասնագիտական տարրական անպիտանության արտացոլումն է։

բ) Տնտեսական աճի մասին:

Տնտեսությունն իսկապես աճել է, բայց տնտեսագետների մեծամասնության գնահատմամբ՝ ամենևին ոչ 7,5% - ով: Ըստ Հ. Բագրատյանի՝ աճը կազմել է 3,5 տոկոս, ինչն ավելի նման է ճշմարտությանը։ Վիճակագրությունը կասկածի առիթ է տալիս, քանի որ տնտեսության աճը գործնականում չի ազդել երկրի քաղաքացիների մեծամասնության կենսամակարդակի վրա: Բացի դա, տրանսպորտային փոխադրումների և էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների կրճատումը տնտեսական աճի տրամաբանության հետ չի խոսում։

Վիճակագրության դեֆորմացիան տեղի է ունենում նաև տնտեսության մեջ հսկայական «փուչիկի» պատճառով, որն առաջացել է թաքնված վերաարտահանման նպատակով ավտոմեքենաների ներմուծման հետևանքով՝ պայմանավորված ԵԱՏՄ երկրների հետ հարկման տարբերությամբ։ Ներքին շուկայի պահանջարկը շուրջ 30 հազար է, իսկ նախորդ տարի երկիր է ներկրվել 189 հազար ավտոմեքենա։ Դա ուռճացրել է տնտեսության բազային ցուցանիշները, ինչը թույլ չի տալիս օբյեկտիվորեն գնահատել իրական վիճակը: Այդ իսկ պատճառով, առևտրի և ծառայությունների ծավալների թվերը լուրջ վերաիմաստավորման կարիք ունեն: Ակնհայտ է, որ սպառողական վարկերի պորտֆելի կտրուկ աճը մեծապես պայմանավորված է հենց այդ գործոնով։ Դրանով է բացատրվում նաև հարկային մուտքերի գերակատարումը։ Տնտեսության իրական պատկերը հասկանալու համար պետք է հաշվարկել ավտոմեքենաների ներմուծման ազդեցությունը ՀՆԱ-ի ձևավորման վրա՝ հաշվի առնելով դրա մուլտիպլիկատիվ էֆեկտը։ Ավելին, հավանական է, որ նման բան տեղի է ունեցել մի շարք այլ ապրանքատեսակների մասով, որտեղ հարկման տարբերությունը նույնպես ձևավորել է բիզնեսի սպեկուլյատիվ մոտիվացիա: «Հանրապետական» անցյալից նոր իշխանությունների համար այս յուրօրինակ «բոնուս-նվերը» վերջացավ, թեև դեռ որոշակի իներցիա կլինի ընթացիկ տարվա առաջին ամիսներին։ Արդյունքում լավ է, որ տնտեսությունը, այնուամենայնիվ, աճել է, բայց հիացմունքի առիթ չկա։

գ) Ընթացիկ տարվա կանխատեսումները:

Ընթացիկ տարվա բյուջեով նախատեսվում է ՀՆԱ-ի աճ՝ ընդամենը 4,9%-ով։ Համաշխարհային տնտեսության՝ 3,5 տոկոս աճի կանխատեսումների պարագայում նման բյուջեով իշխանությունները պետք է ամաչեն մարդկանց աչքին երևալ։ Հատկապես՝ տնտեսության «թռիչքային» աճի մասին խոստումներից հետո: Տարին հեշտ չի լինի, խնայված և ներգրավված գումարները կուղղվեն արտաքին տպավորիչ պարտքի գագաթնակետի սպասարկմանը, ուստի ստիպված կլինեն լրացուցիչ միջոցներ ներգրավել: Ներդրումներ չեն լինի, մինչև հեղափոխությունը չդադարի լինել «նոր» Հայաստանի բրենդը, մինչև չվերականգնվի վստահությունը բանկային գաղտնիքի նկատմամբ, չդադարեն արտադատական շորթումները բիզնեսից, չդադարեն սեփականության վերաբաշխման մասին խոսակցությունները, և չփոխվի երկրում տոտալ ատելության մթնոլորտը։ Եկամտահարկի հարթ սանդղակը կմեծացնի աղքատների և հարուստների միջև տարբերությունը, ինչը կհանգեցնի սոցիալական լարվածության աճին: Լավագույն դեպքում մեզ սպասվում է տեղում դոփելու տարի:

-       Անցնող տարին հիշվեց նաև հսկայական ու ժողովրդից թաքուն վճարված նախարարական /և ոչ միայն/ պարգևավճարներով․․․

-     Ակնհայտ է, որ հասարակության էյֆորիան իշխանությունն ընկալել է իբրև ամենաթողության թույլտվություն, ինչը բերեց հեղափոխական ակտիվիստների կոռուպցիոն ախորժակի մեծացման։ Էյֆորիան անցավ, սակայն պաշտոնյաների ախորժակը մնաց։

Կոնկրետ պարգևատրումների մասով։ Օրենքի շրջանցմամբ խախտվել է պետական ապարատի վարձատրության ամբողջ համակարգը։ Նախարարների և նրանց տեղակալների պարգևավճարներն անցնում են բանականի սահմանները, սրա հետ մեկտեղ՝ առանց էֆեկտիվության առանցքային ցուցիչների ներդրման, որոնք կկապակցեին պարգևատրումը աշխատանքի կոնկրետ արդյունքներին։ Այսպիսի «ձրիակերական մոտիվացիան» այլասերում է կառավարությունը, իսկ իր անարդարության պատճառով բարոյապես քայքայում է ամբողջ պետական ապարատի աշխատանքը։ Վրդովեցնող է, որ այս մսխումը տեղի է ունենում բնակչության համար զգայուն սոցիալական օբեկտների փակման ֆոնին։

Պատկերացրեք․ նորահայտ պաշտոնյաների ահռելի չափերի հասնող պարգևավճարները, նրանց թանկարժեք ճանապարհորդությունների ծախսերի մեծացումը և կառավարական ամառանոցների շքեղ վերանորոգումների միջոցները կբավարարեն բոլոր փակվող գիշերօթիկների, մանկատների, ծննդատների, այլ առողջապահական հիմնարկների և սոցիալական օբեկտների արդիականացմանը և հնգամյա շահագործմանը։ Ինձ համար դժվար է նորմատիվ բառապաշարի շրջանակներում նկարագրել տեղի ունեցողը, այդ իսկ պատճառով թողնում եմ դա ընթերցողներին։

Կարելի՞ է, արդյոք, խոսել ներքաղաքական նոր փուլի մասին և ինչպե՞ս այն կդրսևորվի։ 2020-ի գլխավոր ներքաղաքական իրադարձությունը, կամ պահանջը, ձեզ կանխատեսմամբ, ո՞րը կարող է լինել։

Աշունը քաղաքականապես ակտիվ էր և վստահաբար կարելի է պնդել, որ «կոնսենսուս մինուս մեկը» սկզբունքորեն կայացել է: Այս տարի կավարտվի նոր քաղաքական լանդշաֆտի ձևավորումը, ինչպես նաև կորոշվի օրակարագը, որն ունակ կլինի համախմբել քաղաքականապես ակտիվ քաղաքացիներին: Բոլորն էլ հասկանում են, որ հասարակության մեջ էյֆորիան անցել է, սակայն նրա ուժեղ ճնշման տակ ձևավորված իշխանությունը՝ մնացել։ Խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, հանդիսանում է կառավարության թերհաս կցորդը, որն ունակ չէ կատարել գործադիր իշխանության վերահսկողության սահմանադրական գործառույթը։ Քաղաքական գործընթացներն ընթանում են ԱԺ-ից դուրս, որտեղ էլ ձևավորվում է երկրի քաղաքական օրակարգը։ Ընթացիկ տարում խորհրդարանի կոնֆիգուրացիան վերջնականապես կդադարի արտացոլել հասարակական տրամադրությունները, ինչը կնշանակի լեգիտիմության կորուստ։ Այս հանգամանքն արտահերթ խորհրդարանական ընտրությունները ժամանակի հրամայականն ու գլխավոր քաղաքական պահանջն է դարձնելու։ Այս ամենը տեղի կունենա երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման և տրված խոստումները կատարելու կառավարության անկարողության ֆոնին։ Կանցկացվե՞ն, արդոք, ընտրություններն արդեն այս տարի՝ կախված է քաղաքական գործընթացների ինտենսիվությունից, քաղաքացիների ներգրավվածության աստիճանից, իշխող խմբակցության կայունությունից և, իհարկե, իշխանությունների սխալներից: Իրադարձությունների նման զարգացման հավանականությունը բավականին բարձր եմ համարում։ Վարչապետի՝ Ղափանում տեղի ունեցած վերջին ասուլիսի նման էքսցենտրիկ ասուլիսները միայն արագացնում են գործընթացը։

Ի՞նչ կասեք ընդդիմությունում ձեր դերի մասին՝ ի հեճուկս կալանքին:

Իր էությամբ ու գործողություններով իշխանությունն ինձ վերադարձրեց քաղաքականություն, իսկ անազատության մեջ պահելով՝ ինձ հաջողությամբ դարձնում է իր ապաշնորհ կառավարմանը դիմակայելու խորհրդանիշ։ Ճակատագիրը ժամանակին ինձ հնարավորություն տվեց առաջնորդել Ղարաբաղի անկախության համար պայքարը, որը խորհրդանշում էր ազգային ինքնագիտակցության վերածնունդը։ Երբ շարժումը նոր էր սկսվել, ինձ հրաշքով հաջողվեց խուսափել ադրբեջանական բանտից։ Ճակատագրի հեգնանքն այն է, որ ինձ ազատությունից զրկելով՝ մեր իշխանությունն այսօր լրացնում է այն, ինչ այն ժամանակ չհաջողվեց ազերիներին։ Պատմությունը գիտի բանտերից հաջող քաղաքական պայքարի շատ ոգեշնչող օրինակներ։ Հավանաբար, ինձ վիճակված է շատ կարևոր դեր խաղալ երկիրը մեր ազգային ինքնությունը քայքայող արատավոր իշխանությունից ազատելու գործում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում