Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Որեւիցե խոսակցություն չեմ ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ․ Լարիսա Մինասյան (տեսանյութ)

«Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն  այսօր  ասուլիս էր  հրավիրել՝ թվարկելու շրջանառվող բոլոր սուտ լուրերը հիմնադրամի մասին․ «Սասնա Ծռեր» կուսակցությունը երբեք հիմնադրամի կողմից ֆինանսավորում չի ստացել և առհասարակ հիմնադրամը չի օժանդակում որևէ կուսակցության»։

Հաջորդիվ Լարիսա Մինասյանը հերքեց, որ հիմադրամը երբևէ որևէ կապ է ունեցել «Հուզանք ուԶանգ» ներկայացման, «Իմ մարմինն իմ անձնականն է» գրքի, «Բռնության ձայնը», անանուն նամակների հրապարակման, Ամուլսարի հանքի շահագործման իրականացման դեմ ակցիաների հետ։

«Սուտ է նաև այն, որ հիմնադրամը օժանդակել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի դեմ հակաքարոզչության իրականացմանը, բացի այդ Մայր Աթոռը միակ կրոնական կազմակերպությունն է, որին հիմադրամը դրամաշնորհ է հատկացրել, 130 երեխայի հանգստի կազմակերպման նպատակով»,- ասում է Լարիսա Միանասյանը։

Գործադիր տնօրենը ավելացնում է, որ կեղծ է նաև այն ինֆորմացիան, որ հիմնադրամի կողմից ֆինանսավորվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, տեղակալ Գեմաֆին Գասպարյանը և ԿԳՍՄ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը և պետական պաշտոններ զբաղեցնող այլ գործիչներ․ «Դրամաշնորհներ տրամադրվել են կազմակերպություններին, որոնց կազմում, մինչ պետական պաշտոններ զբաղեցնելը, ներգրավված են եղել վերոհիշյալ անձինք, նրանցից և ոչ մեկը անահատապես ոչինչ չի ստացել»։

Լրագրողի  հարցին ի պատասխան՝ արդյո՞ք հնարավոր է, որ հիմնադրամի դեմ տարվող հակաքարոզը ունի որոշակի քաղաքական նպատակներ, և արդյոք ՀՀԿ-ն որևէ կապ ունի՞ դրա հետ, Լարիսա Մինասյանը չցանկացավ ենթադրություններ անել՝ մեջբերելով Վիսոցկու խոսքերը․ «Он стратегон тактик, просто спец»։

Վերջինս հերքեց նաեւ այն տեղեկությունները, թե ինքը խոսակցություն է ունեցել վարչապետի հետ եւ որոշ պահանջներ ունեցել նրանից։

«Ես հեռախոսային, կամ առերես կամ գրավոր խոսակցություն չեմ ունեցել վարչապետի հետ»,- ասաց նա։

Իսկ թե ինչու է հիմնադրամի դեմ հատկապես վերջին շրջանում աճել հակաքարոզչությունը և զրպարտությունը «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի» ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը մեկնաբանում է․ «Սա մենք համարում ենք ուղղակի ռևանշ, էստեղ տեսնում ենք միտում կրկին հասարակության մեջ վախ և անվստահություն սերմանելու, ինչը բնորոշ է ավտորիտար ռեժիմին և նաև այս հակաքարոզը նպատակ ունի կասկածի տակ առնել ժողովրդի արած հեղափոխությունը՝ վերագրելով այն դրսի ուժերի արած, այսինքն ո՞վ եք դուք, սա դու՞ք եք արել, ոչ սա դրսից արված գործ է»։

Չնայած այս ամենին «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի» ներկայացուցիչները հավելում են, որ իրենք անկախ ամեն ինչից միշտ էլ աջակցել են երկրում խնդրահարույց և բարդ հարցերի բաց ու հանրային քննարկումներին և շարունակելու են նույն կերպ։