Բացել լրահոսը Փակել լրահոսը
Narek
A A
Հասարակություն

Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեց. նեղսրտել է, որ իրեն զրկել են Հրայր Թովմասյանի հարցազրույցը նայելու հնարավորությունից Առավոտ (տեսանյութ)

«Սա հրավիրել չէր, այլ ուղղակի շատ հարգելով այդ ոստիկաններին՝ ասեմ, որ սա մի քիչ խուլիգանություն է ավելի»,- ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության բակում հայտարարեց քիչ առաջ ազատ արձակված «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:

Նշենք, որ մոտ մեկուկես ժամ առաջ նա բերման ենթարկվեց ապօրինի զենք, զինամթերք պահելու կասկածանքով: Քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը պատմեց, թե ինչպես է տեղի ունեցել Նարեկ Սամսոնյանի՝ բերման ենթարկումը. «Նարեկ Սամսոնյանը Ռուբեն Մելիքյանի հետ միասին ուղևորվեց տուն, և փաստացի ոստիկանության աշխատակիցներն արդեն իսկ տան մոտ էին և սպասում էին նրան: Մեքենայից իջեցնելուն պես նրան ձերբակալեցին՝ ձեռնաշղթաներով, բռնի ուժով բերեցին այստեղ»:

Հրանտ Մելիք Շահնազարյանն ասաց, որ Նարեկ Սամսոնյանը տևական ժամանակ գտնվել է ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության շենքի մոտ և ուղիղ եթերում հայտարարել, որ ունի օրինական զենք, որը գտնվում է մեքենայի մեջ: Սակայն Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց, որ այս ամենի նպատակը քաղաքական հետպնդումն է. «Անգամ Նարեկ Սամսոնյանի մեքենան չեն խուզարկել»:

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը հայտարարեց, թե այս ամենին պետք է վերջ դնել ու ասաց. «Ես համոզված չեմ՝ այսօր տուն գնալուց հետո ես բերման եմ ենթարկվելու, թե ոչ: Հիմա խնդրելու եմ ոստիկանությանը, որ ինձ ստուգեն՝ ունե՞մ զենք, թե՝ ոչ, որ հանգիստ գնամ տուն. հավես չկա՝ գնանք, հասնենք տուն, տան դիմաց բերման ենթարկեն»: Հիշեցնենք՝ այսօր բերման էին ենթարկվել ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը, «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը, «Ադեկվադ»-ի անդամներ Արթուր Դանիելյանը, Գրիգոր Մինասյանը և Ազատ Ադամյանը:  

Նրանք ևս այժմ ազատության մեջ են: Նարեկ Սամսոնյանն ասաց, որ իրեն ու իր ընկերներին բերման ենթարկելու նպատակը մեկն է. իրենց գետնին նկարելը. «Ես եղբորս խնդրեցի՝ ինձ գետնի վրա առաջինը նկարի, որ տեսնեն ու ավելի շուտ լավ զգան, քան իրենց ցույց կտան»: Նարեկ Սամսոնյանի համար հետաքրքրական դրվագ է այն, որ թեև իրեն բերման են ենթարկել ապօրինի զենք, զինամթերք կրելու կասկածանքով, բայց բերել են ապօրինի թմրամիջոցների շրջանառության վարչություն:

Ավելին՝ այստեղ