Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ
A A
Պաշտոնական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանի ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Հանրապետության օրվա 70-ամյա հոբելյանի առթիվ։

Այսօր մենք ականատես ենք Հնդկաստանի հասարակության նշանակալի առաջընթացին և նվաճումներին։ Վստահ եմ, որ Հնդկաստանը կշարունակի դինամիկ և կայուն զարգացման իր այս ուղին՝ օրինակ ծառայելով այլ երկրների համար:

Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ավանդական ջերմ հարաբերությունները՝ խարսխված մեր ժողովուրդների դարավոր պատմական կապերի, բարի կամքի և փոխվստահության ամուր հիմքերի վրա: Համոզված եմ, որ Հայաստանի և Հնդկաստանի փոխգործակցությունը կշարունակի զարգանալ և խորանալ՝ ի շահ մեր ժողովուրդների։

Ջերմ տպավորություններով եմ հիշում մեր հանդիպումը Նյու Յորքում։ Պատրաստ եմ Ձեզ հետ միասին կյանքի կոչելու մեր երկրների միջև համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։