Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Վարչապետն Ամուլսար տանող ճանապարհի փակելը համարում է անտրամաբանական (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում հրավիրված ասուլիսին անդրադարձավ Ամուլսար տանող ճանապարհը փակ լինելուն։ Լրագրողի դիտարկմանը, որ դեռևս 2019թ.-ի աշնանը նա կոչ է արել ջերմուկցիներին ապաշրջափակել Ամուլսար տանող ճանապարհը, սակայն վարչապետի կոչին որևէ մեկը չի հետևել, և «Լիդիան Արմենիան» չի կարողանում մուտք գործել տարածք։

«Ձեր կարծիքով՝ սա Հայաստանի համար կարո՞ղ է իրավական խնդիրներ ստեղծի, կա որևէ խնդի՞ր, որի մասին Կառավարությունը գիտի, սակայն չի բարձրաձայնում»,- հետաքրքրվեց լրագրողը։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյան ասաց, որ գործադիրը որևէ խնդրի մասին չգիտի, որը չի բարձրաձայնում։

«Իսկ իրավական խնդիրներ կարող է ունենալ, որովհետև ենթադրում եմ, որ «Լիդիան Արմենիան» կդիմի արբիտրաժ: Ես այսօր էլ եմ կոչ անում բացել ճանապարհը։ Մեր սիրելի հայրենակիցների գործողությունները համարում եմ ոչ տրամաբանական, քանի որ նրանց պատճառով է, որ հարցը մտել է փակուղի, և դուրս չի գալիս։ Այդ հարցը որևէ սցենարով չի լուծվելու, քանի դեռ այդ ճանապարհը փակ է՝ մնալու է նույն ստատուս-քվոյի վրա, ինչ եղել է 2018 թվականին»,- նշեց վարչապետը, ապա շարունակելով միտքը՝ ասաց.

«Օրինակ՝ ես շահագրգռություն ունեմ, որ Ամուլսար հանքը շահագործվի՞, և՛ այո, և՛ ոչ: Ես շահագրգռված եմ, որ շահագործվի, որովհետև այն կապված է Հայաստանի անվտանգային միջավայրի հետ, եթե այն շահագործվեր, ապա մենք ունենալու էինք ոչ թե 7.5, այլ ավելի մեծ տնտեսական աճ, հազարավոր աշխատատեղեր, և այլն: Բայց մյուս կողմից՝ չեմ համաձայնի, որ սարը շահագործվի ի վնաս Ջերմուկի և հարակից գյուղերի բնակչության առողջությանը, նաև Հայաստանի բնապահպանությանը անվերականգնելի վնասներ հասցնելու հաշվին»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ ինքը Ամուլսար տանող ճանապարհի փակելը համարում է անտրամաբանական, անհարգալից և դրանք չեն բխում ՀՀ շահերից:

«Այդ իրավիճակում շահագրգիռ են որոշ շրջանակներ, որոնք ամեն ինչ անում են, որ բորսայում բաներ տեղի ունենան, և իրենք այնտեղ ձեռք բերեն բաժնետոմսեր: Բայց իրենց էլ երազախաբություն է սպասվում, որովհետև մենք այդպիսի զարգացումներ և մանր պրոցեսներ թույլ չենք տա: Եթե նման բան կպարզվի, նրանք կենթարկվեն կոշտ պատասխանատվության»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։