Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Հասարակություն

ՍԴ նախագահի տան խուզարկության միջնորդությունը բավարարել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը․ դատարանից հաստատեցին

Այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն է կատարել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի տանը։ 

Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից «Ա1+»-ը փորձեց ճշտել, թե ո՞ր դատավորն է բավարարել Թովմասյանի տանը խուզարկություն կատարելու միջնորդությունը։ Օհանջանյանն ասաց, որ ՀՔԾ-ն մանրամասներ չի հրապարակում։ ՀՔԾ մամուլի խոսնակը խորհուրդ տվեց ճշտել դատարանից կամ դատական դեպարտամենտից։

Հարցին, թե կարո՞ղ է ասել՝ ինչ էին փնտրում, սեփականության վկայականնե՞ր էին փնտրում քննիչները ՍԴ նախագահի տանը, պատասխանեց«Այլ մանրամասներ չենք հայտնում։ Ընդամենը հաստատել ենք խուզարկության փաստը, որ խուզարկություն է կատարվել, բայց այլ մանրամասներ չենք կարող հայտնել։ Տեղեկատվություն հրապարակում ենք այն ծավալով, որով որ քննիչը նպատակահարմար է համարում»։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի գրասենյակից «Ա1+»-ին հայտնեցին, որ վերջինս է բավարարել ՀՔԾ քննիչի՝ Հրայր Թովմասյանը տանը խուզարկություն կատարելու միջնորդությունը։

ՍԴ նախագահին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։ 

Սահմանադրական դատարանի նախագահի շուրջ տեղի ունեցողը նրա փաստաբանները որակում են որպես քաղաքական հետապնդում։