Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Արցախի ՊՆ ՊԲ-ում անցկացվել է ռազմական խորհրդի նիստ

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ անցկացվող խորհրդի նիստին, որը նվիրված է եղել 2019 թվականի ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը, հրավիրվել էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները՝ տեղակալների ու ենթակա կառույցների պատասխանատուների հետ, գումարտակների և առանձին ստորաբաժանումների հրամանատարները, զինվորական կոմիսարներ, ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներ:

Ներկայացնելով աշխատակարգը, ԱՀ պաշտպանության նախարարը հանդես է եկել ներածական խոսքով՝ անդրադառնալով հաշվետու բանակային տարվա առանցքային զարգացումներին և նշելով, որ խորհրդի որոշման համաձայն, յուրաքանչյուր ստորաբաժանման ու անհատ զինծառայողի տրվող գնահատականները, արտացոլելով վերջիններիս պատրաստության իրական մակարդակը, կոչված են նպաստելու հետագա աշխատանքները առավել նպատակային ու հասցեական իրականացնելուն:

        2019 թվականի ՊԲ-ի մարտական ու զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, օպերատիվ և վարչակազմերի պատրաստության, հետախուզության, կապի, ռադիոէլեկտրոնային պայքարի կազմակերպման, զորքերի ծառայության և իրականացված ինժեներական աշխատանքների մասին, ծավալուն և համապարփակ զեկույց է ներկայացրել ՊԲ-ի հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը:

      Հաջորդող ելույթները վերաբերում էին մարտական պատրաստությանը, անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման և զինվորական կարգապահության վիճակին, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման և շահագործման հարցերին, թիկունքային ապահովմանն ու զորքերի կենսագործունեության մյուս բոլոր ոլորտներին:

      Ինչպես նշել են բանախոսները, նշված բնագավառներում, չնայած արձանագրված դրական միտումներին, քիչ չեն նաև անելիքները: Եվ ըստ այդմ՝ 2020 թվականը կլինի կատարված աշխատանքների շարունակականության ապահովման և այն բոլոր խնդիրների լուծման ժամանակահատված, որոնք արդյունքում էլ ավելի կբարելավեն ծառայության որակն ու կնպաստեն հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանը:

        Ամփոփելով խորհրդի նիստի և բանակային 2019 թվականի արդյունքները՝ Արցախի Հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև անդրադարձել է այն հիմնական խնդիրներին, որոնք առաջնային ուշադրություն կպահանջեն 2020 թվականի ուսումնական տարվա ընթացքում:

      Կարեն Աբրահամյանը ներկաների ուշադրությունը մասնավորապես հրավիրել է պլանավորման, վերահսկողական աշխատանքների մշտական իրականացման և ծառայողական խնդիրների կատարման ժամանակ ստեղծագործ մոտեցումներ կիրառելու հարցերի վրա՝ նշելով, որ միայն այդ դեպքում կարող ենք ունենալ համակողմանի պատարաստություն ունեցող ստորաբաժանումներ և գալիք հաղթանակների հստակ տեսլական:

     Այնուհետև հրապարակվել է ԱՀ պաշտպանության նախարարի հրամանը, որի համաձայն հաշվետու բանակային տարվա ընթացքում առավել բարձր արդյունքներով առանձնացած զորամասերը, ստորաբաժանումներն ու ծառայությունները, ինչպես նաև բազմաթիվ անհատ զինվորականներ ու ՊԲ-ի հետ համագործակցող ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներ խրախուսվել են արժեքավոր նվերներով ու դրամական պարգևներով, ստացել փոխանցիկ պատվոդրոշներ: Պարգևատրման հանդիսավոր արարողության ավարտին ներկաներին ուղղված խոսքով հանդես է եկել ԱՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Բակո Սահակյանը: Հանրապետության նախագահը մասնավորապես նշել է, որ ՊԲ-ն 2019թ. ընթացքում պատվով է կատարել իր գերակա խնդիրն ու անխախտ պահել երկրի սահմանները:

        Բարձր գնահատելով յուրաքանչյուրի անհատական ներդրումը մեր ընդհանուր խնդիրների կատարման համատեքստում՝ Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել վերջիններիս բարեխիղճ ու անձնվեր ծառայության համար և վստահեցրել, որ մեր երկրի պաշտպանական հնարավորությունների հետագա կատարելագործման, ինչպես նաև զոհված, վիրավոր ու գործող զինվորականների ու նրանց ընտանիքների սոցիալական վիճակի բարելավման հարցերը այսուհետ ևս կշարունակեն մնալ հանրապետության ղեկավարության ամենօրյա հոգածության կենտրոնում:


ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն