Բացել լրահոսը Փակել լրահոսը
alen-simonyan
A A
Քաղաքականություն

Խորհրդարանը Գևորգ Պետրոսյանի նման պատգամավորների տեղը չէ․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի դիտարկմամբ՝ այսօր խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի ընթացքում սեռական բնույթի վիրավորանք է հնչել, ինչը չի տեսաձայնագրության մեջ լսելի չէ, բայց պատգամավորները լսել են։

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

«Եթե պատգամավորը թույլ է տալիս իրեն վեր կենալ տեղից և մոտենալ մեկ այլ պատգամավորի, որը ելույթ է ունենում և հոխորտալ, եթե պատգամավորը թույլ է տալիս սեռական բնույթի վիրավորանք հնչեցնել, իսկ նման բան տեղի է ունեցել, դուք չեք լսել»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Մեր հարցին, թե սեռական բնույթի վիարավորանքը հնչել է ԲՀԿ-ական պատգամավորի՞ կողմից, Ալեն Սիմոնյանը դրական պատասխանեց։ Թե ում է ուղղված եղել սեռական բնույթի վիրավորանքը, ԱԺ փոխխոսնակը չկարողացավ ասել։

«Գոռոցի ձևով նման բան է եղել»,- ընդգծեց նա։ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը՝ ղեկավարի հետ միասին քննարկելու թեմա ունեն կարգապահական առումով։

«Որովհետև ամեն անգամ հրահրել և նման իրավիճակ ստեղծել ԱԺ դահլիճում անընդունելի եմ համարում։ Ներողություն եմ խնդրում ՀՀ քաղաքացիներից տեղի ունեցածի համար, թեպետ «Իմ քայլը» այդ միջադեպին մասնակից չէր»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

Դիտարկմանը, որ ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը չի բացառում, որ աշխարհի տարբեր երկրների խորհրդարաններում տեղի ունենա նման միջադեպեր, ԱԺ փոխխոսնակը նշեց, որ չի կիսում Գևորգ Պետրոսյանի կարծիքը։

«Աշխարհի տարբեր խորհրդարաններում տարբեր բաներ կարող են տեղի ունենալ, բայց մեր խորհրդարանում նման բան չի կարող լինել։ Այսինքն ինքը նորմա՞լ է համարում, որ վաղը որևէ մեկը իրեն մոտենա ու հարվածի դեմքին։ Կարծում եմ, որ ինքը հին աշխարհում մնացած անձնավորություն է, որը չի հասկացել և դժվար թե հասկանա, թե ՀՀ-ում ինչ է տեղի ունեցել։ Ըստ իս՝ խորհրդարանը իր տեղը չէ, պնդում եմ, որ խորհրդարանը Գևորգ Պետրոսյանի նման պատգամավորների տեղը չէ»,- ասաց Ալեն Սիմոնյանը և հավելեց, որ այսօր ԱԺ-ում տեղի ունեցածը քրեական ենթամշակույթի դրսևորում է։

«Իր հարցազրույցի ժամանակ, ես միջանցքով էի անցնում և տեսա իր արձագանքը, իր խոսքի ձևը, խոսքի ոճը, լրագրողների հետ խոսելու ձևը, ընդհանուր առմամբ կեցվածքը, այ սենց քայլելը, սև շորեր հագնելը։ Ես ապշած եմ զուտ տարրական չափանիշների բացակայության համար։ Խոսքը քաղաքականության, այլ կուսակցության ներկայացուցիչ լինելու մասին չէ, էդ ի՞նչ ա»,- նշեց ԱԺ փոխխոսնակը։

Թե այսօրվա միջադեպի առիթով ԱԺ-ում էթիկայի հանձնաժողով կստեղծվի, Ալեն Սիմոնյանը նշեց, որ հիմա քննարկումներ են տեղի ունենում, թե ինչ կորոշվի, ինքը չգիտի։ ԱԺ փոխխոսնակը նշեց, որ թեմայի շուրջ կլինեն արձագանքներ իր կողմից, և այլ գործընկերների կողմից։