Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եթե ԲՀԿ-ին թվում է, որ ես մենակ եմ ու կաշկանդված, նրանք չարաչար սխալվում են․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարանում իր և ԲՀԿ-ական պատգամավորների միջև տեղի ունեցածից հետո ակնկալում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի՝ Գագիկ Ծառուկյանի արձագանքը։

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը։

«Կարծում եմ՝ Գևորգ Պետրոսյանը այս պահին չի ներկայացնում իրենց խմբակցության հավաքական դիրքորոշումը։ Ես խմբակցությանը դիմելիս ակնկալում եմ, որ ԲՀԿ-ի անունից ներողություն կխնդրեն, և անարձագանք չի մնա այն, ինչ տեղի ունեցավ Գևորգ Պետրոսյանի ելույթից հետո, որովհետև ես հեռու եմ ԱԺ դահլիճը քրեական ռազբորկայի վայր դարձնելուց»,- ասաց Արման Բաբաջանյանը։

Ըստ պատգամավորի՝ իր ելույթից հետո ԲՀԿ-ական պատգամավորներից մեկն իրեն զգուշացրել է, որ այլևս չփորձի բարձր խոսել և մատ թափ չտալ, ինչից հետո էլ սկսվել է վիճաբանությունը։

«Որևէ մեկի մտքով չանցնի, որ ես, լինելով անկախ պատգամավոր, որևէ պարագայում կաշկանդված կլինեմ այն, ինչ մտածում եմ, և պնդելու ու հետապնդելու եմ ՀՀ քաղաքացու ու ՀՀ պետության շահը։

Եթե «Բարգավաճ Հայաստանին» թվում է, թե ես մենակ եմ և կաշկանդված եմ լինելու ու չեմ ասելու իմ ասելիքը, և դա չեմ կարողանալու պաշտապնել դահլիճում և դրանից դուրս, նրանք չարաչար սխալվում են»,- նշեց Արման Բաբաջանյանը։

Պատգամավորի խոսքով՝ Գևորգ Պետրոսյանի ելույթը Հայաստան պետությանն ուղղված վիրավորանք է եղել, ոչ թե իր անձին։

Հիշեցնենք, որ Գևորգ Պետրոսյանը ԱԺ նիստերի դահլիճում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի վերաբեյալ նախագծի քննարկմանը ասել էր․ «Պարոն նախարար էդ ի՞նչ է նշանակում գողական աշխարհ, ո՞վ կարող է դրա սահմանն ընդգծել բայց լավ եք անում, որ հանցավորության դեմ եք պայաքարում, հուշում անեմ՝ էդ գողական բառի հետ էլի 3 տառից բաղկացած հասկացություն կա, լավ կլինի դրա դեմ էլ պայքարեք»։

ԲՀԿ-ական պատգամավորի ելույթից հետո, ելույթ էր ունեցել նաև Արման Բաբաջանյանը, որից հետո ԲՀԿ-ականների և նրա միջև վիճաբանություն էր սկսվել։