Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Զինծառայողին ինքնասպանության դրդելու համար պատիժը կխստացվի

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։

ԲՀԿ-ականներն առաջարկում են զինծառայողին ինքնասպանության դրդելու համար որպես պատիժ սահմանել 5-7 տարի ազատազրկում։ Գործող օրենքով մինչև 3 տարի ազատազրկում է սահմանվում։ Նախագիծն ընդունվեց 120 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբարեկցությամբ։

Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց նաեւ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Համազասպ Դանիելյանի և Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է կիսով չափ կրճատել Ազգային ժողովին օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 50 հազարից դարձնելով 25 հազար։

Նախագիծն ընդունվեց 119 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նաև «Իմ քայլը» խմբակցության անդամ Վաղարշակ Հակոբյանի հեղինակած «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Պատգամավորն առաջարկում է գերատեսչությունների ղեկավարների խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար սահմանված տարիքային ցենզն իջեցնել՝ 30-ի փոխարեն սահմանելով 25 տարեկան:

Պաշտոնի անձնագրով պահանջվող 5 տարի աշխատանքային փորձի ցենզը ևս իջեցվում է՝ սահմանվելով 3 տարի: Նախագիծն ընդունվեց 112 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։