Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պետք է ստուգել և իրավական գնահատական տալ, թե Վանեցյանն իսկապե՞ս իշխանափոխություն էր նախապատրաստում (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը գտնում է, որ ճանապարհատրանսպորտային խախտումների և տուգանքների դեպքում բալային համակարգի կիրառումն անխուսափելի էր։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից գործում է նոր կարգ՝ բալային համակարգ 9 բալանոց սանդղակով։ Եթե վարորդը խախտումներ է անում և սպառում 9 բալը, ապա 6 ամսով զրկվում է վարորդական իրավունքից։

Այս համակարգի դեմ մեծ դժգոհություններ կան վարորդների կողմից, դժգոհ են հատկապես տաքսու վարորդներն ու առաքիչները։ Ա․Խաչատրյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, թե բալային համակարգի ներդրումը համաշխարհային փորձով ապացուցված պրակտիկա է, և համոզված է, որ այն կստիպի վարորդներին ավելի ուշադիր վարել ու խախտումներ չանել։

«Բալային համակարգին այլընտրանք չունենալու լավագույն ապացույցը վիճակագրությունն է․ 2019թ․ ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում եղել է 340 զոհ և մոտ 6800 վիրավոր։ Ընդ որում՝ վիրավորներից մի քանի հարյուրն էլ կմնա ցմահ հաշմանդամ»,- հավելեց պատգամավորը։

Ա․Խաչատրյանն անդրադարձավ նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնանկությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ ունեցած վիրտուալ բանավեճին, ինչպես նաև նրա կողմից նախապատրաստվող իշխանափոխության ու վարչապետի ընտանիքի մասին կեղծ տեղեկությունների արտահոսքին վերաբերող լուրերին։

«Այդ լուրերը պետք է իրավական դաշտում ստուգվեն, դրանց պետք է իրավական գնահատական տալ, որևէ կերպ չի կարելի թողնել միայն քաղաքական դաշտին»,- ասաց Ա․Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։