Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Մենք Ռուսաստանի գաղութ ենք, Հայաստանը անկախ, ապագաղութացված պետություն պետք է դառնա» (տեսանյութ)

 «Մենք օկուպացված երկիր ենք, Ռուսաստանի գաղութ և օր առաջ պետք է ազգային-ազատագրական շարժման միջոցով  դնենք պարզ հարց, որ Հայաստանը անկախ, ապագաղութացված , ազատ պետություն պետք է դառնա, և դրա քայլերից մեկն է ճանաչել Հայաստանը որպես առաջին Հանրապետության իրավահաջորդ»,-այս մասին հայտարարեց Հայաստանի Եվրոպական կուսակցության համանախագահ Տիգրան Խզմալյանը՝ այսօր կուսակցության կողմից նախաձեռնած իրազեկման ակցիայի ընթացքում։

Հայաստանի Եվրոպական կուսակցությունը կարևորում է 1920 թ․ հունվարի 19-ին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Իտալիան, ստեղծվող Ազգերի Լիգայի Բարձրագույն Խորհրդի անունից հայտարարեցին Հայաստանի Հանրապետության պաշտոնական ճանաչման մասին, որպես համաշխահային քաղաքականության լիիրավ անդամ եւ Առաջին աշխարհամարտի հաղթող պետություններից մեկը։ Նույն տարվա ապրիլի 23-ին ճանաչման գործընթացին միացավ ԱՄՆ-ը։

Հայաստանի Եվրոպական կուսակցությունն այսօր իրազեկման ակցիա էր նախաձեռնել, որով նպատակ ուներ իրազեկել հանրությանը և իշխանությանն այս մասին։ Նրանք Ազգային ժողովի մոտ նամակ փոխանցեցին Ազգային ժողովի նախագահ անունով, այնուհետև երթով շարժվեցին դեպի ՀՀ կառավարություն, որտեղ ևս նամակ փոխանցեցին՝ արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով։

Հայաստանի Եվրոպական կուսակցության համանախագահ Տիգրան Խզմալյանն հայտարեց՝  պահանջում  են, որ ՀՀ-ն արհեստականորեն չբաժանվի առաջին, երկրորդ, երրորդ հանրապետությունների, քանի որ իրենց գնահատմամբ՝ դա կեղծիք է․

«ՀՀ անկախության հռչակագրով և Սահմանադրությամբ ՀՀ-ն հռչակվում է Սովետական Հայաստանի իրավահաջորդ, մինչդեռ մեր հարևան երկրները իրենց հռչակել են առաջին անկախ պետությունների իրավահաջորդ»։

Խզմալյանի համոզմամբ՝ սա մեզ հնարավություն կտա, որ Հայաստանը Ռուսատանի և Թուրքիայի առջև դնի 1921 թվականի մարտի 16-ի  ռուս-թուրքական պայմանգրի չեղարկման պահանջը․

 «Այդ պայմանագիրը բազմաթիվ առումներով ապօրինի է և հանցավոր, դրա կնքմանը ներկա չէր Հայաստանը, բացի այդ, այդ օրերին ոչ Ռուսաստանը, ոչ Թուրքիան չէին վերահսկում  Հայաստանը: Մենք, հասնելով դրա չեղարկմանը, հասնելու ենք նրան, որ ապօրինի են Նախիջևանի ու Արցախի փոխանցումը Ադրբեջանին, ինչպես նաև Արարատ լեռան փոխանցումը Թուրքիային»։

Խզմալյանը պնդում է նաև, որ Հայաստանը պետք է դուրս գա Եվրասիական տնտեսական միությանն ու ՀԱՊԿ-ի կազմից և անդամակցի ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին: