Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

ՀՀ շախմատի առաջնություն. կանանց և տղամարդկանց չեմպիոնը կորոշվի վերջին տուրում

Շախմատի Հայաստանի առաջնությունում այսօր կայացան նախավերջին՝ 8-րդ տուրի հանդիպումները:

Տղամարդկանց առաջնության ընդգծված առաջատար Սամվել Տեր-Սահակյանը սպիտակներով զիջեց Մամիկոն Ղարիբյանին և կրեց առաջին պարտությունը: Չնայած սայթաքմանը, վանաձորցի գրոսմայստերը 5,5 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Երկրորդ տեղ բարձրացավ Հայկ Մարտիրոսյանը, որը հաղթեց մինչ այդ յոթ ոչ-ոքի խաղացած  Շանթ Սարգսյանին և վաստակած միավորների քանակը հասցրեց 5-ի: Այնուհետեև հաջորդում են երեք շախմատիստ, որոնք ունեն 4,5-ական միավոր: Դրանք են գործող չեմպիոն Արման Փաշիկյանը, մրցաշարի նախկին առաջատար Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արամ Հակոբյանը: Հենց այս հնգյակն էլ կպայքարի չեմպիոնի կոչման համար:

Վաղը կայանալիք վերջին տուրում Սամվել Տեր-Սահակյանը սևերով կմրցի Շանթ Սարգսյանի հետ: Հայկ Մարտիրոսյանը կհանդիպի փորձառու Զավեն Անդրիասյանին: Արման Փաշիկյանի մրցակիցը ընդգծված հետնապահ Հովհաննես Գաբուզյանն է, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արամ Հակոբյանը կհանդիպեն իրար հետ:

Կանանց առաջնությունում նույնպես չեմպիոնը կորոշվի վերջին տուրում: Այսօր կայացած 8-րդ տուրում մրցաշարի երկու առաջատարները՝ Մարիա Գևորգյանն ու Սուսաննա Գաբոյանը,  տարան հերթական հաղթանակները և ամրապնդեցին դիրքերը: Այս պահին գործող չեմպիոնն ունի 7, իսկ նրան հետապնդող Սուսաննա Գաբոյանը՝ 6,5 միավոր:

Եզրափակիչ՝ 9-րդ տուրում, Մարիա Գևորգյանը սպիտակներով կհանդիպի առաջնության հետնապահ Թերեզա Ամբարջյանի հետ: Սուսաննա Գաբոյանը կմրցի գրոսմայստեր Մարիա Կորսովայի հետ, որը այս տուրում հաղթեց 3-րդ տեղում ընթացող Աննա Խաչատրյանին, վաստակեց 5 միավոր և հավասարվեց հենց նրան: